Հղիության ժամանակ ցավազրկողների ընդունումը վտանգավոր է պտղի համար

20:55   16 ապրիլի, 2018

Հղիության ժամանակ պարացետամոլի կամ իբուպրոֆենի ընդունումը վնասում է պտղի վերարտադրողական համակարգին, պարզել են Էդինբուրգի համալսարանի գիտնականները: Ուսումնասիրությունը հրապարակման համար ընդունվել է Environmental Health Perspectives ամսագրում:

Նոր հետազոտության հեղինակները ուսումնասիրել են ինչպես է պարացետամոլը եւ իբուպրոֆենը ազդում պտղի ձեւավորվող սեռական օրգանների հյուսվածքների վրա: Ձվարանների եւ ամորձիների ֆետալ հյուսվածքների նմուշները մեկ շաբաթ մշակել են այդ դեղերով: Ցավազրկողները զգալիորեն նվազեցրել են սաղմնային բջիջների քանակը, որոնցից հետագայում ձեւավորվում են ձվաբջիջները եւ սպերմատոզոիդները:

Պարացետամոլը 40 տոկոսով, իսկ իբուպրոֆենը 50 տոկոսով նպաստել է սաղմնային բջիջների քանակի նվազեցմանը: Ինչպես նշում են ուսումնասիրողները, այդ պատճառով աղջիկների մոտ կարող է կրճատվել ձվաբջիջների քանակը, որը կարող է  հանգեցնել վաղաժամ կլիմաքսի: Տղաների մոտ հյուսվածքների փոփոխությունը հանգեցնում է հիպոսմերմատոգենեզին՝ սպերմատազոիդների ոչ բավարար արտադրությանը:

Փորձի մյուս փուլն անցկացրել են մկների վրա. նրանց պատվաստել են ամորձիների ֆետալ հյուսվածքի մասերը, որպեսզի հետեւեն բջիջների զարգացմանը:  Մկները համապատասխան կերպով ստացել են պարացետամոլի դոզան: Ցավազրկողը մեկ օր ընդունելուց հետո սաղմնային բջիջների քանակը նվազել է 17 տոկոսով, իսկ մեկ շաբաթվա ընթացքում՝ դրանց քանակը ընկել է մեկ երրորդով:

Հետազոտողները կարծում են, որ ցավազրկողները կարող են էպիգենետիկական փոփոխություններ առաջացնել, որոնց ժամանակ ԴՆԹ-ի առաջնային կառուցվածքը չի փոխվում: Սակայն որոշ դեպքերում դրանք ժառանգվում են, ուստի ծնողների կողմից ցավազրկողների ընդունումը կարող է վտանգավոր լինել նաեւ երեխաների համար:

«Մենք խորհուրդ ենք տալիս կանանց զգույշ լինել հղիության ժամանակ ցավազրկողներ ընդունելուց եւ հետեւլ խորհուրդներին. ընդունել հնարավոր նվազագույն դոզաները որքան հնարավոր է կարճ ժամանակահատվածում», - ասել է հետազոտության ղեկավար Ռոդ Միթչելը (Rod Mitchell):



© NEWS.am Medicine