Երեք դեմքով տղամարդը․ Ֆրանսիացին դեմքի երկրորդ փոխպատվաստման է ենթարկվել

11:56   18 ապրիլի, 2018

Բժշկության պատմության մեջ առաջին անգամ հիվանդը ենթարկվել է դեմքի երկու փոխպատվաստումների։ Առաջին անգամ Georges Pompidou Hispital-ից (Ֆրանսիա, Փարիզ) բժիշկ Լորան Լանտյերին Ջերոմ Համոն անունով հիվանդին դեմք է պատվաստել 2010-ին։ 2015-ին Ջերոմը հիվանդացել է ու ստիպված է եղել դադարեցնել այն դեղամիջոցների ընդունումը, որոնք կանխում էին փոխպատվաստված հյուսվածքների վանումը։ Անցած նոյեմբերին նրա օրգանիզմը սկսել է մերժել փոխպատվաստված դեմքը, ու պլաստիկ վիրաբույժը ստիպված է եղել հեռացնել այն, իսկ հետո՝ նորը փոխպատվաստել։

Մնալով առանց դեմքի՝ Ջերոմը նմանվել է «զոմբիի» ՝ նա չուներ ականջ, կոպեր, մաշկ, չէր կարողանում խոսել կամ ուտել։ Նաեւ վատ էր լսում, իսկ արտահայտվել կարողանում էր միայն գլխի թեթեւ շարժումներով ու գրելով։ 

Այս տարվա հունվարին գտնվել է համապատասխան դոնոր, բայց մինչեւ փոխպատվաստում անելը բժիշկները երկարատեւ պրոցեդուրա են իրականացրել, որպեսզի  հիվանդի արյունը մաքրեն անցած բուժումից մնացած հակամարմիններից։ Վիրաբույժի խոսքով՝ հաշվի առնելով, թե ինչերի միջով է Ջերոմը ստիպված եղել անցնել, նա լավ դիմանում է ու իրեն նորմալ է զգում։

Ջերոմին առաջին անգամ պատվաստված դեմքի դոնորը 60 տարեկան էր, իսկ երկրորդ դոնորը՝ 22 տարեկան։ Ջերոմն ինքը հիմա 43 տարեկան է։

«Ես 43 տարեկան եմ, դոնորը 22 տարեկան էր, այնպես որ ես 20 տարով երիտասարդացել եմ»,- կատակում է Ջերոմը՝ ելույթ ունենալով ֆրանսիական հեռուստաեթերում։

Մասնագետների խոսքով՝ տեխնիկան, որը կիրառել են բժիշկ Լանտյերին ու նրա գործընկերները, հույս է ներշնչում շատ հիվանդների, որոնք փոխպատվաստման կարիք ունեն օրգանների մշտական մերժման պատճառով։



© NEWS.am Medicine