Դասական երաժշտությունը մեծացնում է հիպերտոնիայի բուժման արդյունավետությունը

10:42   19 ապրիլի, 2018

Հիպերտոնիայով տառապող մարդկանց խորհուրդ է տրվում դասական երաժշտություն լսել. այն մեծացնում է հիպերտոնիայի դեմ դեղամիջոցների արդյունավետությունը, պնդում են Սան Պաուլուի Համալսարանի գիտնականները:

Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ մարդկանց սրտի կծկումների հաճախականությունը էապես ցածր է եղել, եթե նրանք հիպերտոնիայի դեմ դեղամիջոցն ընդունելուց հետո մեկ ժամ գործիքային երաժշտություն են լսել: Ավելին՝ երաժշտությունը դեղի ազդեցությունն ուժեղացրել է:

Հետազոտությանը մասնակցել է կայուն բարձր ճնշում ունեցող 37 մեծահասակ, որոնք հիպերտոնիայի դեմ բուժվել են 6-12 ամիս: Դեղերն ընդունելուց հետո մասնակիցներն ականջակալներով 60 րոպե գործիքային երաժշտություն են լսել: Լսելու ժամանակ երաժշտության ձայնի բարձրությունը չի փոփոխվել: Կամավորների սրտի կծկումների հաճախականությունը չափել են դեղերը ընդունելուց 20, 40 եւ 60 րոպե անց: Փորձը կրկնել են 48 ժամ հետո: Համեմատության համար ստուգիչ խմբում ընդգրկված մասնակիցները դեղամիջոցն ընդունելուց հետո մեկ ժամ պարզապես նստել են՝ ականջակալները չմիացնելով:

Հետազոտողները հանգել են այն եզրակացության, որ երաժշտությունը մեծացրել է հիպերտոնիայի դեմ դեղամիջոցների արդյունավետությունը: Դրական էֆեկտը նկատվել է արդեն 15 րոպե հետո եւ բարձրակետին է հասել 1 ժամ անց: Գիտնականների կարծիքով՝ երաժշտությունն ազդում է թափառող նյարդի վրա՝ դրանով էլ հենց պատճառաբանվում է հիպերտոնիայի եւ մի ամբողջ շարք այլ խնդիրների դեպքում դրա արդյունավետությունը:

Նախորդ հետազոտությունները նաեւ ցույց են տվել, որ դասական երաժշտությունն ակտիվացնում է պարասիմպատիկ նյարդային համակարգը, որը դանդաղեցնում է սրտի զարկերը եւ նվազեցնում արյան ճնշումը:



© NEWS.am Medicine