Google-ը մանրադիտակ է մշակել քաղցկեղի ախտորոշման համար

22:49   19 ապրիլի, 2018

Google-ը մշակել է արհեստական ինտելեկտի ալգորիթմներով հագեցած մանրադիտակ, որը կարողանում է տարբերակել շագանակագեղձի եւ կրծքագեղձի քաղցկեղի բջիջները:

Մասնագետները ծրագիրը ներկայացրել են AACR ամենամյա համաժողովի շրջանակում, փոխանցում է Google Research-ը:

Նեյրոցանցերի օգնությամբ օբյեկտների տարբերակման համակարգչային տեսողության տեխնոլոգիաները հիմա շատ ոլորտներում են օգտագործվում՝ աստղագիտությունից մինչեւ լաբորատոր կենդանիների դիտարկումներ: Մեթոդը համապատասխանում է նաեւ օրգանիզմի հյուսվածքների կառուցվածքի պաթոլոգիական փոփոխությունները հայտնաբերելու համար: Պարզագույն դեպքերում նեյրոցանցի կարիքը չկա. գոյություն ունեն սմարթֆոնների հավելվածներ, որոնք կարող են կասկածելի խալի օնկոլոգիայի ստուգում կատարել:

Google-ի խելացի մանրադիտակը տեսադաշտում պատկերը մշակում է Inception v.3 ճարտարապետության խորը ոլորուն նեյրոցանցի օգնությամբ, որն արդեն հիմա հաջողությամբ հայտնաբերում է մելանոմաները եւ կարցինոմաները: Նեյրոցանցի մարզումը հնարավոր է քաղցկեղի տարբեր տեսակների համար, հայտնագործության թեստավորման ժամանակ օգտագործել են կրծքագեղձի քաղցկեղի ավշահանգույցներում մետաստազներով (399 նմուշ) եւ շագանակագեղձի քաղցկեղով (285 նմուշ) պատրաստուկներ:

Նկարում ցուցադրված է սարքի սխեման: Թվային խցիկն ընդգրկում է նույն տեսադաշտը, ինչ եւ հետազոտողը, եւ իրական ժամանակում պատկերը փոխանցում է հաշվողական բլոկին: Նախատիպն օգտագործել է վայրկյանում մոտ 10 կադր հաճախությունը, ինչը բավարար է պատկերի սահուն տեղափոխման եւ մեծացման համար:



© NEWS.am Medicine