Հղիության ժամանակ սխալ սնվելն ազդում է երեխայի ուղեղի վրա. հետազոտություն

11:42   23 ապրիլի, 2018

Երեխաները, որոնք մեծ քանակությամբ գազավորված ըմպելիքներ են խմում եւ մշակված մթերքներ ուտում, ավելի ցածր ինտելեկտ ունեն, քան ճիշտ սնվող երեխաները: Ավելին՝ երեխայի ուղեղի եւ ինտելեկտի վրա ազդում է նույնիսկ հղիության ժամանակ նրա մոր սննդակարգը: Այսպիսի եզրահանգման են եկել Harvard University-ի գիտնականները:

Նրանց անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ երեխաները, որոնց մայրերը հղիության ընթացքում մեծ քանակությամբ մշակված մթերքներ ու քաղցր գազավորված ըմպելիքներ են օգտագործել, կոգնիտիվ թեստերը վատ են հաղթահարել: Շաքարի մեծ պարունակությամբ սննդակարգի պատճառով տուժել են երեխաների կոգնիտիվ ֆունկցիաները:

Մասնագետներն ուսումնասիրել են ավելի քան 1000 կանանց սննդակարգը հղիության ժամանակ: Նրանք նաեւ պարզել են, թե կանայք ինչ են կերել: Գիտնականներն այնուհետեւ գնահատել են երեխաների կոգնիտիվ ֆունկցիաները, երբ նրանք եղել են 3 եւ 7 տարեկան: Գիտնականները հայտնաբերել են, որ մասնակիցները օրական միջինը գրեթե 50 գրամ շաքար են օգտագործել, մինչդեռ խորհուրդ տրվող օրական նորման 15 գրամ է: Կանանց համար շաքարի հիմնական աղբյուր էին քաղցր ըմպելիքները եւ մշակված մթերքների քաղցրացնող նյութերը:

Գիտնականները պարզել են, որ օրական 50 գրամից ավելի շաքար օգտագործող մասնակիցների երեխաների հիշողությունը եւ խնդիրների լուծման ունակությունները ավելի վատ էին զարգացած՝ ճիշտ սնված կանանց երեխաների համեմատությամբ: Քաղցր գազավորված ըմպելիքը կապված էր բոլոր հանձնարարությունների կատարման դժվարությունների հետ: Ավելին՝ շաքարի փոխարինողներ պարունակող դիետիկ գազավորված ըմպելիքը 3 տարեկանում առաջացրել է շարժողական, տեսողատարածական ու տեսողաշարժողական կողմնորոշման ունակությունների եւ 7 տարեկանում բանավոր խոսքի ընդունակությունների խնդիրներ:

Քաղցր գազավորված ըմպելիքներ խմած մասնակիցների բանավոր խոսքի ինտելեկտի մակարդակը 7 տարեկանում ավելի ցածր էր: Հետազոտությանը մասնակցած երեխաները օրական միջինը օգտագործել են 30 գրամ շաքար:

Մասնագետները նաեւ նշել են, որ մրգերի օգտագործումը դրական է ազդել երեխաների կոգնիտիվ ֆունկցիաների վրա, մինչդեռ մրգահյութը նման արդյունք չի ունեցել: Ըստ ամենայնի, գաղտնիքը ֆիտոքիմիական միացությունների մեջ է, որով թարմ մրգերը հարուստ են:



© NEWS.am Medicine