2016 թվականին Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ-ի ոչ թե 2500, այլ 303 նոր դեպք. ՁԻԱՀ կենտրոն

19:43   23 ապրիլի, 2018

2016 թվականին Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ ինֆեկցիայի ոչ թե 2500, այլ 303 նոր դեպք: Իսկ ընդհանուր 1988 թվականից մինչեւ 2016-ի վերջ գրանցվել է հիվանդության 2550 դեպք: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց ՁԻԱՀ-ի դեմ պայքարի կենտրոնի կանխարգելման բաժանմունքի ղեկավար Ժանետա Պետրոսյանը՝ մեկնաբանելով «Կոմերսանտ» պարբերականի վերջերս կատարած հրապարակումը:

Հրապարակման մեջ նշված էր, որ «Հայաստանում 2016 թվականին գրանցվել են 2,5 հազար ՄԻԱՎ վարակակիրներ, որոնցից 1,1 հազար դեպք հայտնաբերվել է  ՌԴ տարածքում»: ՁԻԱՀ-ի դեմ պայքարի կենտրոնի ներկայացուցչի խոսքով՝ նման ձեւակերպումն այնքան էլ ճիշտ չէ, քանի որ 2550-ը Հայաստանում ՄԻԱՎ համաճարակի ամենասկզբում հայտնաբերված դեպքերի թիվն է, այսինքն՝ 1988 թվականից, այլ ոչ թե 2016 թվականին:

Համաճարակի սկզբից մինչեւ 2018 թվականի մարտի 31 Հայաստանում ընդհանուր հայտնաբերվել է ՄԻԱՎ ինֆեկցիայի 3003 դեպք, որից 95-ը 2018 թվականի առաջին 3 ամիսներին: Երկրում ՄԻԱՎ վարակակիր մարդկանց հաշվարկվող թիվը ավելի քան 3300 է, սակայն նրանց գրեթե կեսը դեռեւս տեղյակ չէ, որ վարակված է:

Քանի որ Հայաստանում կանխարգելիչ հետազոտությունները դեռեւս այնքան տարածված չեն, հիվանդներից գրեթե կեսի մոտ ՄԻԱՎ ինֆեկցիան բավական ուշ փուլերում է հայտնաբերվում: Այս հիվանդներն առավել հաճախ բժշկի են դիմում այլ բողոքներով, սակայն հետազոտումների ընթացքում հայտնաբերվում է նաեւ ՄԻԱՎ ինֆեկցիա:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարում Հայաստանի կարեւորագույն ձեռքբերումներից մեկն է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացումը:



© NEWS.am Medicine