Ամերիկահայ վիրաբույժն անվճար կոսմետիկ պրոցեդուրաներ կկատարի «Վլադիմիր Ավագյան» ԲԿ-ում

09:50   25 ապրիլի, 2018

Ամերիկյան Վիրաբույժների Խորհրդի կողմից երաշխավորված ամերիկացի վիրաբույժ Մարիա Ազիզյանը «Կոսմետիկ Գեղեցկություն» բարեգործական նախագծի շրջանակում մայիսի 23-ից 26-ը Հայաստանում մաշկի խնդիրների հեկապված անվճար խորհրդատվություն կանցկացնի եւ բժշկական ծառայություններ կմատուցի՝ մաշկի տեսանելի գերաճի եւ տգեղ խալերի հեռացում:

Բոլոր կոսմետիկ աշխատանքները կընթանան «Վլադիմիր Ավագյան» բժշկական կենտրոնում։ Հերթագրվելու համար հարկավոր է զանգահարել (043) 152-552 հեռախոսահամարով։

Դիմողը պետք է ունենա իր հիվանդության պատմությունը, բժշկին տեղյակ պահի ալերգիաների եւ բոլոր դեղերի մասին, որոնք ընդունում է:

Բոթոքս/ֆիլերներ կամ կնճիռներ վերացնող սրսկումներ չեն առաջարկվելու:

Մարիա Ազիզյանը բժիշկների ընտանիքից է, շարունակում է իր պապի՝ բժիշկ-վնասվածքաբան Վրույր Ազիզյանի մասնագիտական ժառանգությունը, որը 2-րդ Համաշխարհային պատերազմի մասնակից էր, ճանաչված բժիշկ Երեւանում: Մարիայի հայրը՝ Կորյուն Ազիզյանը, Նեւրոզների հիվանդանոցի գլխավոր բժիշկն է եղել:

Բժիշկ Մարիա Ազիզյանը Բոստոնում իր մասնավոր կլինիկան ունի, որտեղ կատարում է տարբեր տեսակի մաշկի պրոցեդուրաներ՝ ե՛ւ կոսմետիկ, ե՛ւ քաղցկեղային: Նա Ամերիկյան Բժշկական Ասոցիացիայի եւ Վիրաբույժների Ամերիկյան Քոլեջի անդամ է:

 



© NEWS.am Medicine