Չափից ավելի ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է հանգեցնել «Հոքինգի հիվանդության»

20:08   24 ապրիլի, 2018

Հաճախակի սպորտով զբաղվելը, ինչը զուգորդվում է օրգանիզմի զգալի  ծանրաբեռնվածությամբ, կարող է հանգեցնել լուրջ հիվանդությունների, այդ թվում նաեւ՝ կողային ամիոտրոֆիկ սկլերոզի (ԿԱՍ), որը հաշմանդամի սայլակին էր գամել բրիտանացի գիտնական Սթիվեն Հոքինգին: Այս մասին հայտարարել են Նիդեռլանդական Ուտրեխտի համալսարանի բժշկական կենտրոնի գիտնականները: Իռլանդիայում, Իտալիայում եւ Նիդեռլանդներում ԿԱՍ ախտանիշով ավելի քան 1500 չափահասների բժշկական տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ առողջների ֆոնին ծանր հիվանդությամբ մարդիկ միշտ աչքի են ընկել ֆիզիկական ակտիվության հատուկ ձեւերով՝ շատ վազել են, զբաղվել են թիավարությամբ, բասկետբոլով եւ այլ սպորտաձեւերով:

Որպես իրենց եզրակացությունների համար հիմք՝ գիտնականները վերցրել էին  ծանրաբեռնվածության այսպես կոչված նյութափոխանակության համարժեքը՝ հանգիստ վիճակում գտնվող սովորական մարդու օրգանիզմում նյութափոխանակության պրոցեսների ինտենսիվության հարաբերակցությունը ֆիզիկական աշխատանք կատարող որոշակի անձի նյութափոխանակության աստիճանին:

Բարձր ֆիզիկական ակտիվությունը գիտնականներն  անմիջականորեն կապում են մարմինը «մաշեցնելու» հետ՝ անոթները, նյարդային համակարգը եւ հյուսվածքները: Հետազոտողները նշում են, որ նստակյաց ապրելակերպը, որը փոխկապակցված է մի շարք հիվանդությունների (հատկապես սրտանոթային եւ գիրություն) բարձր ռիսկի հետ, չի գերազանցում այն վնասը, որ կարող է առողջությանը պատճառել ավելորդ ֆիզիկական ակտիվությունը: Գիտնականները կարծում են, որ անհրաժեշտ է ֆիզիկական ակտիվության իդեալական բանաձեւ սահմանել, որի դեպքում բոլոր նստակյաց հիվանդությունները, ինչպիսիք են սրտի հիվանդությունները, օրգազմի վրա բարձր ծանրաբեռնվածության դեպքում կբացառվեն՝ ԿԱՍ-ի զարգացման բարձր հավանականության հետ մեկտեղ:



© NEWS.am Medicine