Գիտնականները գտել են դիաբետի ժամանակ վերքի ապաքինումը դանդաղեցնող սպիտակուցը

13:35   25 ապրիլի, 2018

Yale University-ի գիտնականները պարզել են, որ դիաբետիկների եւ դիաբետով փորձակենդանիների վերքերում բարձր է թրոմբոսպոնդին-2 (TSP2) սպիտակուցի մակարդակը, որն, ըստ ամենայնի, դանդաղեցնում է այդ վերքերի ապաքինումը: Դիաբետով տառապող մկների մոտ այդ սպիտակուցը հեռացնելուց հետո վերքերը սկսել են ավելի արագ ապաքինվել:

Գիտնականները հույս ունեն, որ այս հայտնագործությունը կբերի վերքերի ապաքինման նոր մեթոդների մշակման:

Մինչեւ հիմա այս խնդրով զբաղվող մասնագետների ուշադրությունը սեւեռված էր վերքերի ապաքինմանը մասնակցող բջիջների վրա, ինչպիսին են՝ մաշկի եւ իմունային բջիջները: Մինչդեռ այս հետազոտության հեղինակներին հետաքրքրել է TSP2-ը՝ արտաբջջային մատրիքսի բաղադրիչը:

Արտաբջջային մատրիքսը միացնող հյուսվածքի հիմքն է, ապահովում է բջիջներին մեխանիկական օժանդակությունը եւ քիմիական նյութերի փոխադրումը: Այն նաեւ կարգավորում է վերքերի ապաքինման համար կարեւոր պրոցեսները: TSP2-ն ազդում է մատրիքսի, ինչպես նաեւ բջիջների զարգացման եւ մատրիքսի հետ դրանց փոխազդեցության վրա:

Հետազոտության արդյունքները կներկայացվեն American Society for Investigative Pathology-ի ամենամյա հանդիպման ժամանակ՝ 2018 Experimental Biology համաժողովում:



© NEWS.am Medicine