7-ամյա տղային միանգամից 5 օրգան են փոխպատվաստել

10:44   28 ապրիլի, 2018

Մեծ Բրիտանիայից 7-ամյա Ջեյ Քրաուչը եզակի պատանի հիվանդներից է, որը միանգամից մի քանի օրգանների փոխպատվաստման վիրահատության է ենթարկվել: 10 ժամ տեւած վիրահատության ընթացքում Ջեյին երկու դոնորական երիկամ, լյարդ, բարակ աղիք եւ ենթաստամոքսային գեղձ են փոխպատվաստել: Բոլոր օրգանները վերցվել են մեկ դոնորից: Հիմա Ջեյը 4 երիկամ եւ 2 ենթաստամոքսային գեղձ ունի:

Ջեյը տառապում էր անեմիայով, կարճ աղիքի համախտանիշով եւ քրոնիկական երիկամային անբավարարությամբ: Արդյունքում տղան ստիպված էր սնվել խողովակի օգնությամբ: Birmingham Children's Hospital կլինիկայում վիրահատվելուց հետո միայն տղան կարողացել է իսկական սնունդ ծամել եւ կուլ տալ: Առաջինը նա կարագով կարմրացրած հաց է կերել:

Ծնվելուց մի քանի շաբաթ անց Ջեյի մոտ բարակ աղիքի ոլորում է տեղի ունեցել, ինչը լրջորեն վնասել է նրա ներքին օրգանները:

Վիրահատությունից 4 շաբաթ անց Ջեյը դուրս է գրվել հիվանդանոցից: Նրա մայրը՝ Քեթի Ֆրիսթոունը խոստովանել է. չէր սպասում, որ որդին այդքան շուտ տուն կվերադառնա:

«Սկզբում մեզ ասում էին, որ Ջեյը ստիպված կլինի հիվանդանոցում ավելի շատ ժամանակ անցկացնել՝ մի քանի ամիս: Բայց նա շատ արագ է կազդուրվում: Բոլորը զարմացած են: Նա փոքրիկ գերմարդ է: Երբ ինձ զանգահարեցին եւ ասացին, որ դոնորական օրգաններ կան, տխրեցի իր անդամին կորցրած ընտանիքի համար: Չեմ կարող խոսքով արտահայտել իմ երախտագիտությունը, հարմար բառեր չեմ գտնում: Առանց այդ օրգանների Ջեյը պարզապես չէր ապրի»,- ասել է նա:



© NEWS.am Medicine