ԱՄՆ վիրաբույժները Վահագն Անդիկյանի գլխավորությամբ 60 կիլոգրամանոց ուռուցք են հեռացրել (ֆոտո)

20:39   4 մայիսի, 2018

Բժիշկները Քոնեքթիքութ նահանգի 38-ամյա բնակչուհու ձվարանի 60 կիլոգրամ քաշով ուռուցքը հեռացրել են:

Երբ կինը սկսեց կտրուկ քաշ հավաքել, որոշեց դիմել գինեկոլոգին: Մի քանի ամիս շարունակ ամեն  շաբաթ նրա քաշը 4.5 կգ ավելանում էր: Համակարգչային տոմոգրաֆիան ցույց տվեց, որ ձվարանի շրջանում խոշոր ուռուցք կա: Վիրահատության ժամանակ նորագոյացությունը հասել էր 60 կգ: Ուռուցքը սեղմում էր ներքին օրգանները՝ խանգարելով կնոջը նորմալ սնվել: Դրա չափերի պատճառով կինը ստիպված էր հաշմանդամի սայլակից օգտվել:

Շատ վտանգավոր վիրահատության նախապատրաստումը, որը կատարվել է 2018 թվականի փետրվարին, Դենբերի հիվանդանոցի բժիշկներից եւ վիրաբույժներից երկու շաբաթ խլեց:

Բժիշկները հատկապես վախենում էին, որ հիվանդի սրտանոթային համակարգի հետ կապված բարդություններ կարող են առաջանալ: Նրանք անգամ պատրաստ էին սրտի՝ հրատապ բաց վիրահատություն անցկացնել: Սակայն, բարեբախտաբար, նման միջամտություն չպանաջվեց:

Ձվարանի 60 կգ-անոց բարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունը անցկացրեց 12 վիրաբույժներից կազմված թիմը: Այն 5 ժամ տեւեց:

Բոլոր միջամտությունները շատ հաջող անցան եւ կնոջը երկու շաբաթ անց դուրս գրեցին:

«Վիրահատության ժամանակ մենք հեռացրեցինք այդ ահռելի ուռուցքը, որն առաջացել էր նրա ձախ ձվարանում: Մենք հեռացրեցինք ձախ ձվարանը, նրա ֆալլոպյան փողը եւ վնասված պերիտոնեալ հյուցվածքը», - պատմել է վիրաբույժ Վահագն Անդիկյանը (Vaagn Andikyan):

Ուռուցքն առաջացել էր ձվարանը պատող էպիթելային բջիջներում եւ «մուցինային» էր, այսինքն այն ժելատինանման նյութով էր լցված:

Այժմ վիրաբույժի խոսքով, կնոջ առողջությունը գրեթե վերականգնվել է, նա իրեն լավ է զգում, հրաշալի ֆիզիկական կազմվածք ունի, որդուն է մեծացնում եւ նորից աշխատում է:

Այժմ մասնագետները ուսումնասիրում են ուռուցքը, որպեսզի հասկանան, թե ինչու էր այն այդքան արագ աճում (դրա քաշը միջինում ավելանում էր շաբաթական 4.5 կգ-ով) եւ կարողացել էր համեմատաբար կարճ ժամանակում նման անվահանական չափերի հասնել: Բացառված չէ, որ պատճառը գենետիկական մուտացիան է:

 



© NEWS.am Medicine