Ցածր ածխաջրային սննդակարգն օգտակար է 1-ին տիպի դիաբետով մարդկանց համար․ հետազոտություն

15:34   9 մայիսի, 2018

Ինսուլինի հայտնագործությունից հետո 1-ին տիպի դիաբետով հիվանդներին այլեւս խորհուրդ չեն տալիս հետեւել ցածր ածխաջրային սննդակարգերի, քանի որ համարվում էր, որ դրանք կարող են հանգեցնել հիպոգլիկեմիկ կոմայի կամ դիաբետիկ կետոացիդոզի։ Սակայն հիմա Boston Children's Hospital-ի գիտնականները պարզել են, որ ածխաջրերի ցածր պարունակությամբ սնունդն այնուամենայնիվ օգտակար է նման հիվանդների համար։ 

Նրանք հարցում են իրականացրել 138 մարդու շրջանում (մոտ 50 տոկոսը՝ երեխաներ), որոնց մոտ հաստատվել է 1-ին տիպի դիաբետ։ Հարցման մասնակիցների սննդակարգը ներառում էր օրական միջինը 36 գրամ ածխաջուր, ինչը համարժեք է սննդակարգի ընդհանուր կալորիականության 5 տոկոսին։ Ընդ որում բժիշկների մեծ մասը համարում է, որ սնունդը, որը հարուստ է ածխաջրերով, պետք է կազմի օրաբաժին ուտելիքի առնվանզ 45 տոկոսը։ 

Ցածր ածխաջրային սննդակարգեր նախընտրած կամավորներին ինսուլինի ավելի փոքր չափաբաժին է պահանջվել (օրական միջինը 0․40 միավոր մարմնի մեկ կիլոգրամ զանգվածի համար), քան մյուս մասնակիցներին։ Նրանց շրջանում նաեւ նկատվել է տրիգլիցերիդների ցածր մակարդակ ու այսպես կոչվող «լավ» խոլեստերինի բարձր խտություն։ Դա բարերար է ազդել նրանց սրտանոթային համակարգի առողջության վրա։ 

Հետաքրքիր է, որ ցածր ածխաջրային սննդակարգ պահպանող մարդկանց մոտ ավելի ցածր էր հիպոգլիկեմիայի ու դիաբետիկ կետեոացիդոզի հետ կապակցված հոսպիտալացման դեպքերի հաճախությունը, քան 1-ին տիպի դիաբետով հիվանդների մոտ։ 

Հետազոտողները շեշտում են, որ դիաբետով մարդիկ չպետք է իրենք իրենց կամայական սննդակարգեր նշանակեն՝ սննդակարգի հետ կապակցված բոլոր հարցերը անհրաժեշտ է քննարկել բուժող բժշկի հետ։



© NEWS.am Medicine