Ամերիկացի ինժեներները ՄՌՏ ձեռնոց են ստեղծել

23:46   10 մայիսի, 2018

Ամերիկացի ինժեներները ստեղծել են  ձեռնոցի նախատիպ, որը թույլ է տալիս ձեռքի մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա իրականացնել դրա շարժման ընթացքում։ Ցածր իմպեդանսային հաղորդիչների փոխարեն բարձրիմպեդանսային հաղորդիչների գործածման շնորհիվ նման ձեռնոցը թույլ է տալիս ստանալ ոսկորի փափուկ հյուսվածքների պատկերները շարժման մեջ. Օրինակ՝ համակարգչով աշխատելիս կամ դաշնամուր նվագելիս, հայտնում են Nature Biomedical Engineering-ի գիտնականները։

ՄՌՏ-ն հիմնված է արտաքին մագնիսական դաշտի վրա մարդու օրգանիզմի ներսում որոշ էլեմենտների (առաջին հերթին ջրածնի) ատոմների միջուկների ռեզոնանսային էլեկտրամագնիսական  արձագանքի վրա։ Միջուկների ռեզոնանսային ազդանշանը ռադիոհաճախության միջակայքում գրանցելու համար սովորաբար գործածվում է էլեկտրամագնիսական կոճ՝ խիստ ֆիքսված փոխադարձ տեղակայմամբ։ Դետեկտորների հստակ որոշված երկրաչափությունը  թույլ է տալիս ճնշել աղմուկն ու նվազագույնի հասցնել միմյանց վրա մի քանի կոճերի մագնիսական դաշտերի փոխազդեցությունը, սակայն դրա համար ամբողջ սարքի կառուցվածքը պետք է չափման ընթացքում անփոփոխ մնա։ Դրա համար էլ ՄՌՏ-ի բոլոր ժամանակակից սարքերը պահանջում են չափման ամբողջ ընթացքում մարմնի հետազոտվող մասի ֆիքսում որոշակի դիրքում։

Ամերիկացի ինժեներները՝ Նյու Յորքի համալսարանի բժշկական դպրոցից Մարտեյն Կլոսի ղեկավարությամբ, գտել են այդ սահմանափակումից ազատվելու հնարավորություն։ Նրանք մշակել են դետեկտորների շարժական համակարգ ՄՌՏ անցկացնելու ժամանակ ռեզոնանսային ազդանշանի գրանցման համար ու դրա միջոցով պատրաստել  ճկուն ՄՌՏ ձեռնոց, որը թույլ է տալիս իրականացնել չափումներ՝ գտնվելով մարդու շարժվող դաստակի վրա։ Պարզվել է, որ սարքի ֆիքսման պահանջը հնարավոր է վերացնել միայն ցածր իմպեդանսով ավանդական էլեկտրամագնիսական կոճերը  բարձր իմպեդանսով կոճերով փոխարինելու դեպքում։

Իրական չափումներ իրականացնելու համար նման բարձր իմպեդանսային դետեկտորների հավաքածուն գիտնականներն ամրացրել են բամբակյա ձեռնոցի մակերեսին ու միացրել ուսին ամրացված ազդանշանի մշակման համակարգին։

Պարզվել է, որ այդ սարքը հնարավորություն է տալիս դաստակի փափուկ հյուսվածքների  ճշգրիտ եռաչափ պատկերներ ստանալ շարժման ժամանակ։ Գիտնականները նշում են, որ ստացվող ազդանշանի ճշգրտությամբ ՄՌՏ ձեռնոցը չի զիջում դաստակի կոշտ ֆիքսացիայով ավանդական սարքերին,  բայց միաժամանակ թույլ է տալիս իրականացնել չափումներ եւ՛ ափի շարժման ժամանակ, եւ՛ առանձին մատների շարժման դեպքում։ Մասնավորապես՝ նախատիպի աշխատանքը գիտնականները ստուգել են դաշնամուր նվագելու ու համակարգչով աշխատելու պահերին։

Աշխատանքի հեղինակների խոսքով՝ իրենց առաջարկած սարքը ծայրաստիճան հեռանկարային է, օրինակ, դաստակի քրոնիկ հիվանդությունների՝ թունելային դաստակային համախտանիշի ախտորոշման ու հետազոտման համար։  



© NEWS.am Medicine