Պետք է կանխել հերթական անգամ առողջապահության ոլորտի կառավարումը էքսպերիմենտի վերածելը. Սերգեյ Խաչատրյան

16:21   12 մայիսի, 2018

ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն ուղերձով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որում նշել է այն պահանջները, որոնք պետք է ներկայացվեն նոր առողջապահության նախարարին։

«Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնին հավակնող անձինք պետք է համապատասխանեն ուղերձում նշված պահանջներին: Կարեւոր չէ՝ ով է լինելու նախարարը, կարեւորը նրան ներկայացվող պահանջներն են: Պետք է կանխել հերթական անգամ առողջապահության ոլորտի կառավարումը էքսպերիմենտի վերածելը»,- գրել է նա իր ֆեյբուքյան էջում:

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Փաստելով, որ նոր Հայաստանում ժողովրդի պահանջն է՝ մարդակենտրոն, մատչելի եւ որակյալ առողջապահություն ունենալը, ինչպես նաեւ արդյունավետ պետական կառավարման մշակույթի ձեւավորումը, գտնում ենք, որ նոր Հայաստանի առողջապահության նախարարի անձը պետք է համապատասխանի հետեւյալ հատկանիշներին.

  1. Կրթական եւ մասնագիտական անցած ուղի
  2. Առողջապահական ներկայիս խնդիրների իմացություն
  3. Հայաստանի առողջապահական համակարգի հանրության կողմից ընդունված եւ հարգանք վայելող
  4. Միջազգային առողջապահական հանրության կողմից ընդունված
  5. Առողջապահական համակարգի հետ շահերի բախում չունեցող
  6. Առողջապահության ոլորտի զարգացման կարճաժամկետ եւ երկարաժամկետ տեսլականով
  7. Կոլեգիալ որոշումներ կայացնելու ունակություններ ունեցող
  8. Հումանիզմի սկզբունքներին հավատարիմ եւ միջանձնային հարաբերություններ կառուցելու ունակությունների տիրապետող
  9. Այլակարծություն ընդունող եւ ընդդիմադիր կարծիքներ լսելու եւ հաշվի առնելու ունակությունների տիրապետող»,- ասված է պաշտոնյայի ուղերձում:

Նկատենք, որ մի շարք բժիշկներ եւ առողջապահության նախարարության աշխատակիցներ գրառման տակ նշել են, որ այդ չափանիշներին համապատասխանում է հենց ինքը՝ Սերգեյ Խաչատրյանը, եւ որ իրենք պաշտպանում են Սերգեյ Խաչատրյանի թեկնածությունը:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը դեռ չի նշում, թե իր կաբինետում ով է զբաղեցնելու առողջապահության նախարարի պաշտոնը:



© NEWS.am Medicine