Նամակ վարչապետին եւ առողջապահության նախարարին. բժիշկն առաջարկում է պետական ապահովագրական ընկերություն ստեղծել

15:00   15 մայիսի, 2018

Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Նիկոլայի Հովհաննիսյանը բաց նամակ է ուղղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: Նամակում նա ներկայացրել է իր տեսլականը այն մասին, թե ինչպես է կարելի վերակազմավորել առողջապահությունը Հայաստանում:

«ԻՆՉՊԵՍ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ

Որպես մարդ, ով անցել է ճանապարհ սանիտարից մինչև ինտերվենցիոն սրտաբանության և կլինիկական էլեկտրոֆիզիոլոգիայի բաժնի ղեկավար, և ծանոթ է առողջապահական շատ համակարգերի ինչպես Եվրոպայում և ԱՄՆ-ում, այնպես էլ ԱՊՀ երկրներում, իմ պարտքն եմ համարում կիսվել ձեզ հետ մեր երկրում առողջապահության վերակազմավորմանը վերաբերող մտքերով:

Մեզ՝ և՛ բժիշկներին, և՛ հիվանդներին, հավասարապես անհրաժեշտ են լուրջ բարեփոխումներ ինչպես առողջապահության սուբյեկտների մոտեցման, ֆինանսավորման համակարգի, սպասարկման որակի բարելավման մեջ, այնպես էլ, իհարկե և առաջին հերթին, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, այդ թվում նաև` հենց բուժաշխատողների համար բժշկական ծառայությունների հասանելիության մեջ: Մեզ հարկավոր է հստակ սահմանել այս խնդրահարույց կետերը և գտնել դրանց լուծման ուղիներ:

Եվ այսպես, ըստ հերթականության:

Մեր օրենսդիրների անհասկանալի որոշման համաձայն՝ մեկ գիշերում բոլոր պետական բժշկական հաստատությունները վերածվեցին բաժնետիրական ընկերությունների, այսինքն` ֆինանսական շահույթ հետապնդող կազմակերպությունների: (Ի դեպ, այս որոշման կողմնակի ազդեցություններից էր այն, որ բուժաշխատողները կորցրեցին պետական ծառայողներին հասանելիք արտոնություններից օգտվելու հնարավորությունը): Սա հանգեցրեց նրան, որ մեր բոլոր հիվանդները, ներառյալ, և մեծամասամբ, կարիքավոր մարդիկ, ստիպված էին փնտրել միջոցներ բժշկական ծառայությունների դիմաց վճարելու համար կամ պարզապես հրաժարվել բուժումից: Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչպես է իրեն զգում այն բժիշկը, ով հստակ գիտի՝ ինչպես օգնել հիվանդին, բայց չի կարող դա անել: Այսպիսով, բժշկի ավանդապես հարգված մասնագիտության կրողները բոլորովին ոչ կամավոր կերպով դարձան իրենց իսկ հիվանդների թշնամիները: Այս իրավիճակը սրվում էր «վհուկների որսի» շրջաններում, երբ բժիշկներն ու ուսուցիչները հայտարարվել էին երկրի գլխավոր կոռումպացվածներ և կաշառակերներ: Ես մեծ հույս ունեմ, որ մենք սրանից ընդմիշտ ենք ազատվել:

Եվ ո՞րն է ելքը: Իհարկե, ապահովագրությունը: Ես ինքս եմ այս խնդիրը հանել հանրային քննարկման՝ տալով, կարծես թե, պատասխանի կարիք չունեցող հարց. ինչ է մեզ համար ավելի կարևոր` ապահովագրել մեքենանե՞ր, թե առողջություն: Բայց մի բան է հռչակելը, մեկ այլ բան՝ աշխատանքը գրագետ կազմակերպելը:

Այսօր Հայաստանում ապահովագրությունն ու պետական պատվերը զուգահեռաբար գոյություն ունեն: Պետական պատվերը գործում է քաղաքացիների որոշ կատեգորիաների համար, օրինակ, հաշմանդամություն ունեցող անձանց (բացառապես ոչ թանկ բժշկական օգնության դեպքում), ցածր եկամուտ ունեցող քաղաքացիների և պետական աշխատողների համար: Ապահովագրված են խոշոր ընկերությունների աշխատակիցները, զինծառայողները, իրավապահ մարմինների աշխատակիցները (սոցփաթեթի միջոցով): Սակայն այս բոլոր կատեգորիաները կազմում են բնակչության միայն 20% -ը: Իսկ մնացած 80%-ը արդեն կարողանու՞մ են վճարել իրենց բուժման համար: Եվ սա պաշտոնապես հայտարարված 30% աղքատության պայմաններու՞մ: Միեւնույն ժամանակ, ըստ չստուգված, բայց, իմ կարծիքով, ստուգման խիստ կարիք ունեցող տվյալների համաձայն, կազմակերպությունների ապահովագրումից և սոցիալական փաթեթներից ապահովագրողների ստացած եկամուտները հասնում են մինչեւ 70%: Կարծում եմ, ժամանակն է, որ պարոնայք ապահովագրողները հասկանան, որ ապահովագրության նպատակն է ոչ թե նրանց հարստացումը, այլ բնակչության առողջությունը:
Այս իրավիճակից դուրս գալու հնարավոր ուղիներից մեկը, իմ կարծիքով, կարող է լինել մասնավորի հետ մեկտեղ պետական ապահովագրական ընկերության ստեղծումը:

Նախ՝ դա կլուծի եկամուտների վերահսկման հարցը:
Երկրորդ՝ փողը կվերադառնա պետական բյուջե և չի մտնի մասնավորի գրպան:
Երրորդ՝ ապահովագրության գները կնվազեն:

Ի դեպ, այդ միջոցները կարող են ծախսվել պետական պատվերի շրջանակներում բժշկական օգնության համար վճարման վրա, իսկ դրա բաշխումը կարող է իրականացվել նույն պետական ապահովագրական ընկերության կողմից: Ի վերջո, այստեղ նույնպես կան բազմաթիվ կուտակված խնդիրներ: Օրինակ, հաշմանդամների կամ «Փարոս» ծրագրի անապահով քաղաքացիների (36.7 միավորից ցածր) պետպատվերը ներառում է կորոնարոգրաֆիա, սակայն չի ներառում ստենտավորում, կարդիոստիմուլյատորների իմպլանտացիա, և այլն: Բոլոր այս ծառայությունները, իհարկե, անհասանելի են քաղաքացիների այս զանգվածի համար: Եվ մենք ախտորոշում ենք հիվանդությունը, միաժամանակ մարդկանց ապաքինվելու շանս չտալով: Այսինքն, բժիշկներից վերածվում ենք վիճակագրողների, որոնք լուռ դիտում են՝ ինչպես են մարդիկ մահանում:

Սա, իհարկե, միայն մեկն է այն բազմաթիվ մոդելներից, որոնք կարող են երկիրը դուրս բերել այս անընդունելի, մեզ բոլորիս համար նվաստացուցիչ իրավիճակից: Միայն թե ցանկություն լիներ: Բոլոր հնարավոր տարբերակների մանրամասն վերլուծության, լուրջ հաշվարկի համար, իհարկե, անհրաժեշտ է տնտեսագետների լավ թիմ, որը, վստահ եմ, կա և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում:

Շատ բաց հարցեր կան նաև պետական պատվերի վերաբերյալ: Օրինակ, թե ինչու են մասնավոր հիվանդանոցները կամ նույնիսկ պոլիկլինիկաները այն ստանում նույն և նույնիսկ ավելի մեծ ծավալով, քան բաժնետիրական հիվանդանոցները, որոնք, ըստ էության պետական են: Այսօր սարքավորումների արդիականացման համար նման հիվանդաները պետք է կամ վարկ վերցնեն (իսկ դուք հասկանում եք՝ ինչպես դա կվերադարձվի), կամ գտնեն արտասահմանյան հովանավորներ: Բայց չէ՞ որ բյուջեն կենտրոնացնելով պայմանականորեն «պետական» կլինիկաներում, հնարավոր կլինի լուծել այդ խնդիրները պետական գնումների միջոցով:

Չեմ կարող չխոսել դեղերի, սպառման նյութերի և սարքավորումների համար մրցույթների ժամանակ հայտնվող կախարդված շրջանակի մասին: Թվում է՝ մրցույթը հարմարեցված է ոչ թե հիվանդանոցների, այսինքն՝ հիվանդների, այլ բիզնեսմենների կարիքների համար: Ինչպիսի բուժման մասին է խոսքը, եթե բժիշկը չի կարող ինքնուրույն ընտրել լավ, այլ ոչ թե էժան գործիքներ և դեղորայք: Այսօր հիվանդի մոտ հակաաալերգիկ դեղամիջոցից ալերգիկ շոկ կարող է առաջանալ, բայց դա էժան անալոգ է, որը թղթի վրա համապատասխանում է ստանդարտներին: Երբ Եվրոպայում դեղ ես գնում դեղատնից, քեզ տրվում է մեկ միջոց, և գնորդին՝ հիվանդին կամ իր հարազատին չի առաջարկվում մանրամասնել, թե որ երկրի արտադրանքն է նախընտրում և ինչ գնով: Սա հիվանդին տալու հարց չէ: Դրա համար կան մասնագետներ: Միևնույն ժամանակ, հիվանդը դեռ կարող է ընտրել դեղատանը, իսկ հիվանդանոցները ստիպված են տենդերով գնել ամենաէժան և ոչ թե ամենալավ որակի դեղը, նույնիսկ եթե լավ ապրանքի և վատի գնային տարբերությունը ընդամենը 5 դրամ է: Հիվանդանոցային բժիշկները պետք է ընտրություն ունենան: Այնուամենայնիվ, լավագույն տարբերակը այն է, երբ ոչ թե բժիշկներն են գին-որակ ճիշտ համադրությունը որոշում՝ փորձեր կատարելով ու երբեմն սխալվելով, այլ համապատասխան մասնագետները: Պետք է բարձրացնել դեղագործական հանձնաժողովի դերն ու պատասխանատվությունը և կենտրոնացված գնումների կազմակերպման ժամանակ դիմել մասնագետների կամ մասնագիտական միությունների օգնությանը:

Հարցերը մեզ մոտ լուծվում են վերևից, և դա, հավանաբար, ճիշտ է: Բայց ես բոլորովին չեմ հասկանում նախարարական պորտֆելների բաշխումը կուսակցական պատկանելության հիմունքներով: Սա տորթ չէ, այլ գործ, որը, ինչպես ցանկացած այլ բան, պահանջում է գիտելիքներ և պրոֆեսիոնալիզմ: Եվ որ ամենակարևորն է` պատասխանատվության զգացում: Ի դեպ, ես ուզում եմ առաջարկել պաշտոնյաների պատասխանատվության զգացումը խթանելու և առողջության վերականգնման արդյունավետ և արագ միջոց: Անհրաժեշտ է պարտավորեցնել բոլոր պետական պաշտոնյաներին և պատգամավորներին ստորագրել մի փաստաթուղթ, որը հաստատում է, որ անհրաժեշտության դեպքում նրանք և նրանց ընտանիքները կբուժվեն միայն իրենց երկրում: Գուցե հենց այդ ժամանակ կլինեն լավ օրենքներ, ճիշտ ֆինանսավորում և բժշկության արժանապատիվ մակարդակ: 27 տարի է մեր բժշկությունը միայն բարեփոխումներ ու բարեփոխումներ է տեսնում, բայց ոլորտում իրավիճակը միայն վատթարանում է:

Ես անկեղծ հույս ունեմ, որ ժամանակը եկել է արմատական փոփոխությունների և հավասարակշռված որոշումների համար, և դրանք կարող են արագ ու արմատապես փոխել իրավիճակը: Ես անկեղծ հույս ունեմ, որ նոր Հայաստանը հնարավորություն կընձեռի իր քաղաքացիներին որակյալ բժշկական օգնություն ստանալ՝ անկախ սոցիալական և տնտեսական վիճակից, իսկ բժիշկը, հիվանդի հետ խոսելիս, հայացքը չի փոխցնի:

Մեր առողջապահության պայծառ ապագայի մեծ հավատով՝

Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Աշոտ Նիկոլայի Հովհաննիսյան
Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի Միջամտական սրտաբանության և կլինիկական էլեկտրֆիզիոլոգիայի բաժնի ղեկավար»:



© NEWS.am Medicine