Հայաստանում մտադիր են սրտի գործիքային հետազոտության հայ- ֆրանսիական դպրոց բացել

18:51   15 մայիսի, 2018

Ֆրանսիայից ժամանած մասնագետները Երեւանում կայացած գիտաժողովի ժամանակ պատմել են սրտանոթային հիվանդությունների ախտորոշման ոլորտում ԿՏ ու ՄՌՏ անգիոգրաֆիայի դերի մասին։

Գիտաժողովից առաջ լրագրողների հետ զրույցի ժամանակ «Էրեբունի» ԲԿ  սրտաբանական ու սրտանոթային վիրաբուժական ծառայության հարցերով տնօրեն, Հայաստանի ԱՆ գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանն ասել է, որ ԿՏ ու ՄՌՏ- անգիոգրաֆիան ոչ ինվազիվ հետազոտություն է, առանց արյան։ «Նույն տեղեկություններն է մեզ տալիս կորոնարոգրաֆիան, բայց այն արվում է արյան հոսքի միջոցով։ Երբեմն դրա անհրաժեշտությունը չի լինում կամ լինում են հակացուցումներ տվյալ մեթոդի գործածման համար,  ու այդ դեպքում նախընտրելի են այս մեթոդները»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ Հայաստանում ԿՏ ու ՄՌՏ-ն քիչ է գործածվում սրտի հիվանդությունների հետազոտության համար, ու մեր մասնագետները տվյալ ոլորտում քիչ փորձ ունեն։ Հենց այդ պատճառով էլ Փարիզից Երեւան է հրավիրվել  կարդիովասկուլյար ռադիոլոգ Արշիդ Ազարինը, որը «Նաիրի» ԲԿ-ում արդեն խորհրդատվություն է տրամադրել մոտ 30 հիվանդների ու բուժկենտրոնի բժիշկներին ծանոթացրել այդ ոլորտի նոր ուղեցույցների հետ։

«Այսուհետ մենք ավելի լայնորեն կկիրառենք տվյալ մեթոդները մեր պրակտիկայում։ Մեր սրտաբանները ավելի հստակ կպատկերացնեն այդ հետազոտությունների համար ցուցումները ու ավելի վստահ կուղարկեն հիվանդներին այդ հետազոտություններին»,- ասել է նա։

Հայաստանի գլխավոր սրտաբանի խոսքով՝ ֆրանսիացի բժիշկների հետ համագործակցությունը տեւական բնույթ է ունենալու։ Գիտաժողովի ավարտից հետո նա կհայտարարի  Հայաստանում սրտի գործիքային հետազոտության հայ- ֆրանսիական դպրոց ստեղծելու մտադրության մասին, որտեղ դասավանդելու են թե տեղի մասնագետները, թե Ֆրանսիայից հրավիրված բժիշկները։

Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնել է փարիզյան Սեն Ժոզեֆ կլինիկայից Արշիդ Ազարինը՝ ԿՏ ու ՄՌՏ անգիոգրաֆիայի նման ոչ ինվազիվ մեթոդներն աշխարհում սկսել են ավելի մեծ տարածում ստանալ, դուրս մղելով կորոնարոգրաֆիան։ Հայաստանում, նրա խոսքով, կան անհրաժեշտ սարքավորումներ, ու նա ժամանել է, որպեսզի աշխատի տեղի թիմերի հետ ու նրանց ցուցադրի հետազոտության իրենց տեխնիկան։

 



© NEWS.am Medicine