Այս դեպքը բացառիկ էր. Անդիկյանը՝ 60 կգ ուռուցքի հեռացման վիրահատության մասին

22:25   15 մայիսի, 2018

Օնկոգինեկոլոգները տարբեր ուռուցքներ են տեսնում եւ յուրաքանչյուրը նման չէ մյուսներին: Սակայն ձվարանի 60կգ-անոց ուռուցքը, որը վերջերս հեռացրել էին 38-ամյա կնոջ օրգանիզմից, ամենամեծն էր, որը երբեւէ տեսել էր Դենբերի հիվանդանոցից (Քոնեքթիքութ նահանգ) գինեկոլոգիական ուռուցքաբանության ոլորտի մասնագետ Վահագն Անդիկյանը եւ նրա գործընկերները:

«Ամեն մի վիրաբույժի չի հաջողվում նման չափի ուռուցք տեսնել: Այս դեպքը շատ բացառիկ էր», - NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասել է Վահագն Անդիկյանը:

Բժշկի խոսքով՝ հիվանդը 2017-ի նոյեմբերի սկզբին սկսել էր նկատել, որ իր ոտքերը եւ որովայնը ուռում են: Ոռուցքը շատ արագ էր աճում՝ շաբաթական 5 կգ մեծանում էր եւ ընդամենը 2-3 ամսում այն անհավանական չափերի հասավ: Ուռուցքի պատճառով հիվանդը չէր կարողանում քայլել եւ ստիպված էր հաշմանդամի սայլակով տեղաշարժվել:

Սկզբում կինը դիմել էր թերապեւտի, որը միանգամից նրան վիրաբույժ Անդիկյանի մոտ ուղարկեց՝ հայկական ծագումով վիրաբույժի, որը մասնագիտանում է հենց նման հիվանդների բուժման մեջ:

«Երբ նա եկավ մեզ մոտ, արդեն ծայրահեղ վիճակում էր, հազիվ էր շարժվում, հաշմանդամի սայլակում էր: Քանի որ ուռուցքն ամեն օր աճում էր, ժամանակը շատ քիչ էր. պետք էր շատ արագ վիրահատական ծրագիր կազմել. որոշել, թե ինչպես ենք հեռացնելու այդ ուռուցքը», - պատմել է բժիշկը:

Նա 20 մասնագետներից կազմված թիմ է հավաքել՝ վիրաբույժներից, անէսթեզիոլոգներից, բուժքույրերից եւ պաթոլոգոանատոմներից, քանի որ մեկ վիրահատության ժամանակ հարկավոր էր հեռացնել ուռուցքը, պարզել ինչպիսին է այն՝ բարորակ թե չարորակ, ինչպես նաեւ վերականգնել որովայնի պատը:

Վիրահատությունը մոտ 5 ժամ տեւեց եւ չնայած ողջ բարդությանը, հաջող ընթացավ: Հիստոլոգիական հետազոտությունը ցույց տվեց, որ ուռուցքը բարորակ էր. դա ձվարանի մուցինոզ ցիստադենոմա էր: Մասնագետը բացատրել է, որ նման ուռուցքներն առաջանում են ձվարանի մակերեւույթին եւ արտադրում են ժելատինանման հեղուկ, որը կուտակվում է այդ խոռոչում եւ ձվարանի կապսուլան մեծ չափերի է հասցնում,  ինչպես եւ պատահել էր այս դեպքում:

Հետվիրահատական շրջանում կնոջ մոտ ճնշման հետ կապված խնդիրներ են առաջացել: Մասնագետը բացատրել է, որ ուռուցքը ճնշել է ստորին սիներակին եւ աորտային, ինչի պատճառով  կնոջ մոտ նվազել է երեկային ետհոսքը եւ անոթների տոնուսի խնդիր էր սկսվել:

Մասնագետները նշանակել են դեղեր, որոնք բարձրացնում են անոթների տոնուսը եւ ճնշումը: 2-3 օր անց հիվանդի ճնշումը կարգավորվել է եւ միանգամից սկսել է կազդուրվել, սկսել է ինքուրույն ուտել, քայլել: Նա ստիպված էր նորից սովորել քայլել ֆիզիոթերապեւտների միջոցով, քանի որ սայլակում անցկացված ժամանակահատվածում նրա մկանները ապաճել էին:

Վիրահատությունից 2 շաբաթ անց հիավնդին դուրս են գրել հիվանդանոցից, իսկ 4 շաբաթ անց նա նորից եկել է բժիշկ Անդիկյանի մոտ:

«Նա անճանաչելի էր. վիրահատությունից հետո 180 ֆունտ՝ ավելի քան 80 կգ էր կորցրել»:

Հետաքրքիր է, որ մասնագետները կարողացել են ոչ միայն փրկել կնոջ կյանքը, այլեւ պահպանել նրա վերարտադրողական օրգանները: Չնայած ուռուցքից վնասված ձախ ձվարանը ֆալոպյան փողի հետ հեռացրել են, աջ ձվարանը եւ արգանդը առողջ են մնացել եւ ցանկության դեպքում կինը կարող է երեխաներ ունենալ:

 



© NEWS.am Medicine