Գիտնականները կապ են հայտնաբերել սոցիալ-տնտեսական կարգավիճակի եւ ուղեղի կառուցվածքի միջև

09:58   16 մայիսի, 2018

Ընտանիքի սոցիալ տնտեսական կարգավիճակը կարող է ազդել երեխայի ուղեղի զարգացման վրա՝ եթե աղքատ ընտանիքում երեխան չի ստանում նորմալ սնունդ, կրթություն ու բուժսպասարկում, դա ազդում է ոչ միայն նրա բնավորության, այլև նրա ուղեղի կառուցվածքի վրա։ Հիմա, սակայն, University of Texas համալսարանի գիտնականները պարզել են, որ սոցիալ-տնտեսական կարգավիճակը արտացոլվում է նաև մեծահասակների ուղեղի կառուցվածքի ու ֆունկցիաների վրա։

Հետազոտության ընթացքում, որի արդյունքները հրապարակվել են Proceedings of the National Academy of Sciences ամսագրում, գիտնականները գնահատել են 20-89 տարեկան 304 կամավորների սոցիալ- տնտեսական կարգավիճակը։ Մասնակիցներին նաև ֆունկցիոնալ մագնիս-ռեզոնանսային տոմոգրաֆիա են արել։ Բացի դրանից՝ գիտնականները չափել են կամավորների ուղեղի կեղևի  մոխրագույն նյութի հաստությունը։

Հաշվի առնելով նաև այլ գործոններ, որոնք կարող են ազդել ուղեղի կառուցվածքի վրա՝ գիտնականները պարզել են, որ 35-64 տարեկան, սոցիալ-տնտեսական բարձր կարգավիճակով մարդկանց ուղեղի կեղևն ավելի հաստ է, քան սոցիալ-տնտեսական ցածր կարգավիճակ ունեցող կամավորներինը։ Բացի դրանից, նրանց նեյրոնային ցանցերն  ավելի արդյունավետ էին կազմակերպված։

Մասնագետների խոսքով՝ ուղեղի կեղևի հյուծումը կարող է ապագայում հանգեցնել մտավոր ֆունկցիաների հետ կապված խնդիրների առաջացմանը։ Տարեց մարդկանց մոտ սոցիալ տնտեսական կարգավիճակի ու ուղեղի կառուցվածքի միջև կապը այդքան ուժեղ չի եղել։ Հավանաբար դա բացատրվում է  նրանով, որ ծերացումն ուղեղի վրա շատ ավելի ուժեղ է ազդում։



© NEWS.am Medicine