Իտալիան աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում բնակչության ծերացման ցուցանիշով․ Istat

21:23   16 մայիսի, 2018

Իտալիայի բնակչությունը ծերանում է, իսկ մարդիկ ավելի միայնակ են դառնում։ Այս մասին ասվում է Վիճակագրության ազգային ինստիտուտի ժողովրդագրության խնդիրների մասին ամենամյա զեկույցում։

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 100 երիտասարդ իտալացիներին հիմա բաժին է ընկնում 168․7 տարեց քաղաքացի, ինչի հետևանքով երկիրն  աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում բնակչության ծերացման ցուցանիշով։ Երկրում սուր է նաև այսպես կոչված սոցիալական մենության խնդիրը, ինչը անդրադառնում է տարեցների կյանքի վրա․ փորձագետների տվյալներով՝ միայնակ տարեց մարդիկ օրական տասը ժամ կամ ավելին անցկացնում են առանց որևէ մեկի հետ շփվելու։ Ուշագրավ է նաև այն, որ Իտալիայում քաղաքացիների ավելի քան 17 տոկոսը սոցիալական աջակցությունից իրեն գրեթե ամբողջովին զրկված է զգում։

Իտալիայում նաև արդեն 9-րդ տարին հաջորդաբար կրճատվում է բնակչության թիվը՝ այս տարվա հունվարի մեկին երկրում ապրում էր գրեթե 60․5 մլն մարդ, այդ թվում 5․6 մլն օտարերկրացի։ Վերջին մեկ տարվա ընթացքում երկրի բնակչությունը նվազել է միանգամից 85 հազարով։

Երկրում գրանցվել է նաև ծնելիության ռեկորդային նվազում։ Դեռ փետրվարին  Istat-ը հայտնել է, որ ծնելիության մակարդակը հասել է պատմական նվազագույնի ։ 2017-ին Իտալիայում ընդամենը 464 000 երեխա է ծնվել։

Ըստ Istat-ի վերջին զեկույցի՝ երկրում կան նաև այլ լուրջ խնդիրներ՝ երիտասարդների ընդամենը 18․5 տոկոսին է հաջողվում ինքնուրույն, առանց ազգականների ու ծանոթների օգնության բարձրագույն կրթություն ստանալ, իսկ ինքնուրույն աշխատանք գտնել հաջողվում է երիտասարդների ընդամենը 15 տոկոսին։ Ըստ վիճակագրության՝ իտալացիների ավելի քան 47 տոկոսը ստանում է աշխատանք, օգտագործելով «ոչ պաշտոնական կապերը»:



© NEWS.am Medicine