Սոցփաթեթի շահառուների հոսքը «Աստղիկ» բկ կրկնակի աճել է (ֆոտո)

23:44   17 մայիսի, 2018

Անցած տարվա համեմատությամբ՝ սոցփաթեթի շահառուների հոսքը «Աստղիկ» բկ կրկնակի աճել է: Սա կապված է այն հանգամանքի հետ, որ 2017 թվականի հոկտեմբերից պետական ծառայողների համար պետությունը գնում է ապահովագրական պոլիսներ, եւ բուժհաստատություններն այլեւս ստիպված չեն նրանց ամիսներ առաջ հերթագրել: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց հիվանդանոցի ապահովագրական ծառայության ղեկավար Արմեն Մուրադյանը:

Նա հիշեցրեց, որ «Աստղիկ» բկ-ի ապահովագրական բաժանմունքում հատուկ ծառայություն է ստեղծվել սոցփաթեթի շահառուների հետ աշխատելու համար: Նրանք ապահովագրություն ունեցող մյուս հիվանդներից առանձին են սպասարկվում, որպեսզի հերթեր եւ կուտակումներ չառաջանան: Ծառայությունը համագործակցում է բոլոր ապահովագրական ընկերությունների հետ՝ սպասարկելով սոցփաթեթի բոլոր շահառուներին անխտիր: Քանի որ սոցփաթեթի սպասարկման կարգի մեջ մտցվել են որոշակի փոփոխություններ, աշխատակիցները նաեւ անհատական խորհրդատվություն են իրականացնում, կազմակերպում են ամբողջ թղթաբանական գործընթացն ու հնարավորինս աջակցում, որ շահառուները սպասարկվեն առանց հերթ: 

«Հատուկ հոսք եղավ դպրոցական արձակուրդների ժամանակահատվածում, երբ ուսուցիչները սկսեցին զանգվածաբար կանխարգելիչ բուժզննում անցնել: Մանկավարժներից շատերը եկել էին մարզերի, մենք ստիպված էինք արտաժամյա աշխատել բոլորին ընդունելու համար, բայց հաղթահարեցինք»,- նշում է բաժանմունքի վարիչը:

Աշխատակցի խոսքով՝ կանխարգելիչ բուժզննման շրջանակում սոցփաթեթի շահառուները պետք է 7-8 կաբինետով անցնեն, որոշակի անալիզներ հանձնեն, եւ «Աստղիկ» բկ-ի ծառայությունն ամեն ինչ այնպես է կազմակերպում, որպեսզի նրանք այդ ամենն ավարտեն մեկ օրում: Սխեման այսպիսին է՝ շահառուն իր նույնականացման քարտով դիմում է «Աստղիկ» բկ-ի Սոցփաթեթի շահառուների սպասարկման բաժին (105 սենյակ): 

Կենտրոնի ապահովագրական բաժանմունքի աշխատակիցները հարցում են ուղարկում ապահովագրական ընկերություն, հաստատումը ստանալուն պես (սա կարող է տեւել մինչեւ 3 օր) կապնվում են շահառուի հետ՝ նրա այցի օրն ու ժամը նշանակելու: Ապահովագրական ծառայությունը պայմանավորվածություն ունի նաեւ լաբորատորիայի հետ, որ վերջինս անալիզների պատասխանները տա նույն օրը՝ մինչեւ աշխատանքային օրվա ավարտ:

Եթե խոսքը պլանային վիրահատության մասին է, այդ հարցը նույնպես մի քանի օրում է լուծվում: Եթե շտապ վիրահատության կարիք կա, օրինակ՝ սրտի, ապա ապահովագրականից հաստատումը ստանում են մեկ օրվա ընթացքում: Եթե շահառուն անհետաձգելի օգնության կարիք ունի, նա դա ստանում է ցերեկվա եւ գիշերվա ցանկացած ժամին: Բժիշկը հատուկ տեղեկանք է լրացնում, որի հիման վրա հետագայում ապահովագրական ըկերությունը հիվանդանոցի ծախսերը փոխհատուցում է:

Արմեն Մուրադյանը հավելեց, որ այս տարի պետական ծառայողներն ավելի պատրաստված են, նրանք արդեն գիտեն սոցփաթեթից ինչպես օգտվել եւ հասկանում են, թե դա իրենց ինչ արտոնություններ է տալիս:

«Փաստորեն, ներդրվում է քաղաքակիրթ բուժսպասարկման մեխանիզմ, եւ դա լավ է»,- ասաց նա:

                 



© NEWS.am Medicine