Ավելի քան 200 մարդ է կերել բուտերբրոդները, որոնք էլ, հավանաբար, թունավորման պատճառ են դարձել

00:46   18 մայիսի, 2018

Թունավորման ախտանշաններով Արմավիրի եւ Մեծամորի բուժկենտրոններ տեղափոխվածների վիճակը բավարար է, նրանց մի մասն այսօր արդեն դուրս կգրվի հիվանդանոցներից: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին տեղեկացրեց Մեծամորի ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սիմոն Զիրոյանը:

Նշենք, որ տուժածներն Արմավիրի մարզի Արեւադաշտ գյուղի մերձակայքում խաղողագործությամբ զբաղվող «Հայաստանի հողեր» ընկերության աշխատակիցներ են. այն պատկանում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին:

Տուժածներից մեկը մեր թղթակցին պատմել է, որ ճաշին ընկերության բոլոր աշխատակիցները՝ շուրջ 200 մարդ, հավի մսով եւ պանրով բուտերբրոդներ են կերել: Շուրջ մեկուկես ժամ անց նրանց մեծ մասի ինքնազգացողությունը գրեթե միաժամանակ վատացել է:

Արմավիրի բուժկենտրոն օգնության է դիմել, ընդհանուր առմամբ, ընկերության 90 աշխատակից: Նրանք գանգատվել են սրտխառնոցից, փսխումից, ջերմությունից, լուծից, գլխապտույտից:

Հիվանդներից 20-ը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ 30-ը՝ տեղափոխվել Մեծամորի բժշկական կենտրոն: Մասնագետները ջրի, սննդի փորձանմուշ են վերցրել կազմակերպությունից, որտեղ աշխատում են տուժողները՝  թունավորման պատճառը պարզելու համար:



© NEWS.am Medicine