Ֆրանսիացի բժիշկները շնչափողի փոխարինման մի շարք հաջող վիրահատություններ են իրականացրել

11:26   21 մայիսի, 2018

Փարիզյան Ավիցեննայի անվան հիվանդանոցի վիրաբույժները 2009-2017 թթ․ ժամանակահատվածում իրականացրել են մի շարք ունիկալ վիրահատություններ՝ ծանր հիվանդություններից ախտահարված շնչափողի փոխարեն աորտայի հատված փոխպատվաստելով։

AFP-ն հայտնում է, որ սա «համաշխարհային պրեմիերա» է վիրաբուժության մեջ, քանի որ նախկինում իտալացի բժիշկները, որոնք 2011-2014 թթ․ տվյալ խնդրի լուծման համար այլ մոտեցում էին կիրառել, ձախողել էին։

Վիրահատվել են այն հիվանդները, որոնք նախկինում ենթարկվել էին տրախեոտոմիայի՝ շնչափողի բացում ու դրա մեջ խողովակի տեղադրում՝ օդի հասանելիության համար։ Ֆրանսիացի վիրաբույժները, հեռացնելով շնչափողը, դրա փոխարեն հիվանդներին փոխպատվաստել են աորտայի մի հատված, որը վերցված էր զոհված մարդկանցից ու պահպանված մինչեւ մինուս 80 աստիճան սառեցման պայմաններում։ Զարկերակը լայնացած վիճակում պահպանելու համար դրա ներսում ստենտ էր տեղադրվել։

Ընդ որում կիրառվել էր այսպես կոչված հյուսվածքային ինժեներիայի մեթոդը, որն ամբողջովին արդարացրել է իրեն։ Իմպլանտների վրա որոշ ժամանակ անց հայտնվել էր էպիթել՝ բջ իջների շերտ, որը ծածկում է դրանց մակերեսը։ Հետագայում աորտան աստիճանաբար փոխակերպվել է շնչափողի։ Դրանից հետո հիվանդների ստենտը հեռացվել է։

Պրոֆեսոր Էմանուել Մարտինոյի ղեկավարությամբ մի խումբ մասնագետների կողմից շնչափողի վերականգնման մեթոդի գործածման մասին զեկույցը ներկայացվել է Ամերիկյան բժշկական ասոցացիացիայի համագումարում, Սան Դիեգոյում։ Ֆրանսիացի վիրաբույժների այդ ձեռքբերման մասին հոդվածը հրապարակվել է նաեւ այդ ասոցիացիայի JAMA (Jornal of the American Medical Association) մասնագիտացված ամսագրում։

AFP տվյալներով՝ նախկին հիվանդներից մի քանիսը, որոնց նախկինում բժշկություն ի վիճակի չէր արդյունավետ օգնել, հիմա իրենց այնքան լավ են զգում, որ կարող են նույնիսկ օրական 40-50 րոպե վազքով զբաղվել։ Փորձարարական վիրահատությունների շրջանակում 13 հիվանդներից  հինգը ենթարկվել է շնչափողի վերականգնման, յոթը՝ շնչափողի մոտ  գտնվող բրոնխների հատվածի վերականգնման ու մեկը՝ գլխավոր բրոնխների միացման տեղի վերականգնման վիրահատության։ Բոլոր դեպքերում էլ գործածվել են աորտայի տրանսպլանտատներ։

 



© NEWS.am Medicine