Առաջին անգամ միավորվում են բոլոր ռեսուրսները՝ քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման համար. ուռուցքաբան

22:39   23 մայիսի, 2018

Հայաստանում առաջին անգամ միավորվում են բոլոր ուժերն ու ռեսուրսները՝ քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման համար: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին ասաց մանկական ուռուցքաբան, արյունաբան Գեւորգ Թամամյանը: Նա ընդգրկված է ՀՀ վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ ստեղծված աշխատանքային խմբում, որը պետք է զբաղվի մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ոլորտի զարգացմամբ:

Ըստ հանրապետության կլինիկաներից հավաքագրված տվյալների՝ Հայաստանում տարեկան շուրջ 75 երեխայի մոտ ուռուցքային հիվանդություն է ախտորոշվում: Նրանց բուժմանն օգնելու համար մոտ տասնյակ բարեգործական հիմնադրամներ են գործում, տարբեր հանգանակություններ կազմակերպվում:

«Այդ երեխաները միշտ էլ օգնություն ստացել են: Բայց քանի որ մանկական քաղցկեղի բուժումը մեծ ֆինանսական միջոցներ է պահանջում, վարչապետի տիկնոջ կողմից ընդգծվեց այս հարցի կարևորությունը և ռեսուրսները միավորելու անհրաժեշտությունը: Իսկ ձևաչափը, որ մինչ այս գործող հիմնադրամները միավորվեն մեկ գաղափարի շուրջ՝ պետական հովանու ներքո, առաջին անգամ է լինելու»,- նշեց Գևորգ Թամամյանը: Ըստ բժշկի՝ աշխատանքային խմբի հայտարարությունից հետո ընդամենը մի քանի օրվա ընթացքում արդեն շատացել են արձագանքների ու օգնել ցանկացողների թիվը:

Հիմնադրամների և անհատ մարդկանց համատեղ աշխատանքի հարթակը կդառնա նոր ստեղծվող հիմնադրամը: Այն կազմված կլինի մյուս գործող հիմնադրամների ներկայացուցիչներից: Գեւորգ Թամամյանը մեկնաբանեց, որ սա չի նշանակում, թե այդ հիմնադրամները պետք է մաս դառնան նորին, դրանք իրենց միջոցներով կշարունակեն գործել ինքնուրույն, իսկ թե ինչպես պետք է գործի նոր հիմնադրամը, դեռեւս քննարկման փուլում է:

«Մանկական ուռուցքաբանությունն ու արյունաբանությունը մեր բժշկության և առողջապահության ամենակարևոր խնդիրներից են: Ստեղծված աշխատանքային խումբն այժմ մշակում է ռազմավարությունը: Ոլորտի զարգացման ճանապարհային քարտեզը կներկայացնենք շուտով: Մեր գերագույն նպատակն է, որ քաղցկեղով հիվանդ յուրաքանչյուր երեխա ստանա անհրաժեշտ բուժօգնություն»,- ասաց մանկական ուռուցքաբանը:

Նշենք, որ մանկական ուռուցքաբաններից ու հիմնադրամներից կազմված աշխատանքային խումբը մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ հանդիպումն է անցկացրել Աննա Հակոբյանի գլխավորությամբ:



© NEWS.am Medicine