Դեռ հարկավոր է ուսումնասիրել, թե Իզոտոպների արտադրության կենտրոնն ինչու չի գործարկվել, սակայն կարեւորն այն գործարկելն է. նախարար

12:03   26 մայիսի, 2018

Ինձ հիմա դժվար է ասել՝ արդյոք չարաշահումներ են եղել Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի շինարարության եւ դրա համար սարքավորումների ձեռքբերման ընթացքում, սակայն հսկայական աշխատանք է տարվել, եւ մեր խնդիրն է հասկանալ, թե ինչու աշխատանքները չեն ավարտվել եւ ինչ պետք է անել, որպեսզի Կենտրոնը վերջապես գործի: Այս մասին NEWS.am- ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նախարարի խոսքով՝ խնդիր է առաջացել կոնցեսիոն պայմանագրի հետ կապված, որը կնքվել էր կառավարության եւ ամերիկյան Global Medical Solutions ընկերության միջեւ: «Մենք պետք է խորհրդակցենք ՀՀ արդարադատության նախարարության հետ, որպեսզի հասկանանք, թե ինչպես պետք է լուծել այս խնդիրը իրավական դաշտում», – ասաց նա։

Արսեն Թորոսյանը պարզաբանեց, որ, ըստ պայմանագրի, Global Medical Solutions  ընկերությանը պետք է հանձնվեր «Ռադիոիզոտոպերի արտադրության կենտրոն» ՓԲԸ-ի կառավարումն այն բանից հետո, երբ պետությունը կավարտեր կենտրոնի շինարարությունը  եւ սարքավորումների ձեռքբերումը: Սակայն Կենտրոնի՝ այս ընկերությանը փոխանցման ակտ չի եղել: «Կենտրոնը պետք է հանձնվեր նրանց՝ աշխատանքների 100 տոկոսով ավարտից հետո, սակայն քանի որ աշխատանքներն ամբողջությամբ չեն ավարտվել՝ ինձ համար դեռ անհայտ պատճառներով, այն այդպես էլ չի փոխանցվել Global Medical Solutions-ին»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ տեղի ունեցածի պատճառները դեռ պետք է պարզել: Նաեւ պետք է հասկանալ, թե ինչպես հնարավորինս արագ գործարկել կենտրոնը, քանի որ այնտեղ տեղադրված սարքավորումներն անփոխարինելի են քաղցկեղի ախտորոշման եւ բուժման համար:

Նա հիշեցրեց, որ այս պատմությունը սկսվել է 2009 թվականին, երբ կառավարությունը որոշում էր կայացրել Ֆիզիկայի ինստիտուտի հիման վրա իզոտոպների արտադրության համալիր ստեղծել: Գաղափարը պատկանում է Ազգային մրցունակության հիմնադրամին: 2010 թվականին հիմնվել էր «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն, որին Ֆիզիկայի ինստիտուտին կից հողատարածք էր հատկացվել:

Կառավարությունն ընդհանուր առմամբ 5.4 մլն եվրոյի վարկային պայմանագիր է կնքել բելգիական KBC BANK NV բանկի հետ: Այդ գումարը չի փոխանցվել հայկական պետությանը, այլ ուղղակի կերպով վճարվել է արտադրողին սարքավորումների՝ CYCLONE 18/18 ցիկլտրոնի, պոզիտրոնաէմիսիոն տոմոգրաֆի եւ SPECT տոմոգրաֆի ձեռքբերման համար:

Շինարարությունը իրականացվել է պետական միջոցներով. ծախսվել է 2.2 մլրդ դրամ:

Արսեն Թորոսյանը հիշեցրեց, որ 2017 թվականին առողջապահության նախարարության հաշվեկշռին գտնվող Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը փոխանցվել էր Պետական գույքի կառավարման վարչությանը, քանի որ այն ներառվել էր մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկում: «Եվ դա նորից զարմանալի է ինձ համար, քանի որ ինչպես կարելի է մասնավորեցման ներկայացնել մի օբյեկտ, որի նկատմամբ կոնցեսիայի մասով պարտավորություններ գոյություն ունեն»,- ասաց նա՝ հավելելով, որ չգիտի՝ արդյոք կառավարությունը չի կարողացել վերջնականապես ձեւավորել կենտրոնը, թե՝ չի ցանկացել, սակայն փաստ է, որ աշխատանքները չեն ավարտվել:

«Մենք կզբաղվենք այս հարցով առաջիկա երկու շաբաթվա ընթացքում: Մինչեւ մենք խնդրին իրավական լուծում չգտնենք, առաջ գնալ չենք կարող: Պետք է հասկանալ, արդյոք կենտրոնն արդյունքում կփոխանցվի՞ կոնցեսիոներին, թե ոչ, այլ ո՞վ կարող է այն շահագործել: Միայն դրանից հետո կարելի է մտածել, թե ով պետք է վճարի ապագա աշխատանքների համար»,- ասաց Արսեն Թորոսյանը:



© NEWS.am Medicine