5 վարակ, որոնցով հնարավոր է վարակվել վարսավիրանոցում

22:18   26 մայիսի, 2018

Հիգիենայի եւ սանիտարական կանոնները ոչ բոլոր վարսավիրանոցներում է պահպանվում։ Եթե վարսահարդարի գործիքները չեն մաքրվում եւ չեն ախտահանվում ինչպես հարկն է, դա կարող է հանգեցնել մի շարք հիվանդություններով վարակման: Այդ հիվանդություններից են՝

Ֆոլիկուլիտ

Ֆոլիկուլիտը մազապարկի բորբոքումն է, որն առաջանում է վատ ախտահանված գործիքների օգտագործման հետեւանքով, որոնց վրա մնացել են ստաֆիլակոկ բակտերիաները։ Ֆոլիկուլիտը կարող է զարգանալ մորուքի մաշկային հատվածում կամ գլխամաշկին։ Այն դրսեւորվում է քոր առաջացնող կարմիր ցանով եւ թարախային բշտիկներով։

Պեդիկուլյոզ

Շատերը կարծում են, թե ոջիլները միայն մազերին կարող են լինել։ Իրականում պեդիկուլյոզը մաշկի մակաբուծային հիվանդություն է (չնայած ոջիլները իսկապես նախընտրում են մարմնի մազոտ հատվածները)։ Պեդիկուլյոզով վարակվել կարելի է սանրի կամ սրբիչի միջոցով, որոնք մինչ այդ օգտագործել է ոջլոտ մարդը։

Խուզող մրմնջուկ

Խուզող մրմնջուկը եւս փոխանցվում է կեղտոտ սանրի միջոցով։ Այս սունկը, «հաձակում գործելով» գլխամաշկի վրա եւ դրսեւորվելով կարմիր թեփուկածածկ բծերի տեսքով, կարող է պացիենտին ոչ միայն զրկել մազերից, այլ նաեւ բերել մաշկի ոչ էսթետիկ սպիացման։

Շփաբորբ

Շփաբորբը կարող է առաջանալ վարակված մարդու մաշկի, հագուստի կամ սրբիչի հետ շփումից։ Շփաբորբի ժամանակ մաշկի վրա կարմիր փոքրիկ բծեր են հայտնվում, որոնք արագ զարգանում եւ դառնում են թարախային պարկեր։

Փայտացում

Փայտացման հարուցիչ բացիլը փոշու հետ հեշտությամբ ներթափանցում է շենքեր եւ հայտնվում տարբեր առարկաների վրա։ Եթե մաշկին առկա է վերք կամ կտրվածք, ապա կա ոչ մեծ, բայց ամեն դեպքում առկա է վարակման վտանգ, հատկապես եթե վարսավիրանոցի մկրատը ժանգոտ է։



© NEWS.am Medicine