Հակադեպրեսանտները կարող են ավելորդ քաշի պատճառ դառնալ

10:51   28 մայիսի, 2018

Հակադեպրեսանտների գործածումը կարող է հանգեցնել ավելորդ քաշի։ Այս մասին հայտնում են King's College London քոլեջի գիտնականները։

Դեպրեսիան տարածված հոգեկան խանգարում է։ Դեպրեսիայի բուժման ամենաարդյունավետ մեթոդներից մեկը հակադեպրեսանտների ընդունումն է, սակայն բրիտանացի գիտնականները հայտնաբերել են, որ հակադեպրեսանտների երկարատև գործածումը կարող է ավելորդ քաշ հավաքելու պատճառ դառնալ։ 

Մասնագետները վերլուծել են 300.000 մարդու տվյալներ, որոնց մոտ 20 տոկոսը ընդունում էր հակադեպրեսանտներ: Այդ հիվանդների համար ավելորդ քաշի հավաքման ռիսկը կազմել է 11 տոկոս, իսկ մնացած մասնակիցների համար՝ ընդամենը 8 տոկոս: Բուժման երկրորդ ու երրորդ տարիներին մյուս մասնակիցների համեմատ՝ հինգ տոկոսով ավելացման հավանականությունը 46 տոկոսով բարձր է եղել այն մարդկանց շրջանում, ովքեր հակադեպրեսանտներ էին ընդունում: Քաշ հավաքելու հավանականությունն իր գագաթնակետին էր հասնում բուժման 2-3-րդ տարիներին ու պահպանվում էր 6 տարվա ընթացքում:

Բացի այդ՝ հետազոտողները պարզել են, որ հակադեպրեսանտներ ընդունելու պատճառով ավելորդ քաշով կամ ճարպակալմամբ տառապող մարդկանց խումբ անցնելու հավանականությունը նորմալ քաշով հիվանդների մոտ ավելացել էր 29 տոկոսով։ Ավելորդ քաշով մարդկանց շրջանում էլ 29 տոկոսով ավելացել է ճարպակալում ունեցողների խմբում հայտնվելու հավանականությունը։



© NEWS.am Medicine