Ուղեղում եզակի իմպլանտը կարող է հաղթահարել Պարկինսոնի հիվանդության ախտանշանները

10:47   1 հունիսի, 2018

Այսօր ուղեղի խորը խթանումը Պարկինսոնի հիվանդության բուժման արդյունավետ մեթոդ է համարվում: Սակայն թերապիայի այս եղանակը վիրաբուժական միջամտություն է պահանջում. հիվանդի ուղեղ է պատվաստվում սարք, որը գեներացնում է էլեկտրական ազդակները: Սակայն այս մեթոդը մեծաթիվ կողմնակի էֆեկտներ ունի, քանի որ ուղեղը ոչ միշտ է համարժեք արձագանքում ստացվող ազդակներին:

US National Institute of Neurological Disorders and Stroke-ից (NINDS) ամերիկացի գիտնականները գտել են այս խնդրի լուծումը: Նրանց հաջողվել է իմպլանտ մշակել, որն ուղարկվող ազդանշաններն ավտոմատ համապատասխանեցնում է մարդու ուղեղի ակտիվությանը: Նման մոտեցումը թույլ է տվել մեծացնել սարքի մարտկոցի ծառայելու ժամկետը եւ խուսափել կողմնակի էֆեկտներից:

Ավելին՝ նոր սարքը չի պահանջում հաճախակի կարգավորում, ուստի կարելի է բժշկին ավելի հազվադեպ այցելել: Ըստ որում՝ հիվանդները տարբերություն չեն նկատել ստանդարտ իմպլանտների եւ հետազոտողների նոր մշակման միջեւ: Երկու դեպքում էլ ուղեղի խորը խթանումը զգալիորեն նվազեցրել է հիվանդության ախտանշանների արտահայտվածությունը:



© NEWS.am Medicine