Ամերիկացիները ուղեղի քաղցկեղի դեմ պատվաստանյութ են փորձարկել

23:42   1 հունիսի, 2018

Սենթ Լուիսից (ԱՄՆ) ամերիկացի գիտնականներն ավարտում են պատահական ընտրանքով վերահսկվող հակաուռուցքային պատվաստանյութ DCVax-L-ի կույր փորձարկումը: Ինչպես ցույց են տվել նախնական արդյունքները, նոր թերապիան բարելավել է ագրեսիվ գլիոբլաստոմայով հիվանդների վերապրելիությունը: Այս մասին նշված է MedicalXpress կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ:

Հետազոտությանը մասնակցել է 331 հիվանդ, որոնց պատահական սկզբունքով 2 խմբի են բաժանել: Առաջինում կամավորներն անցել են անհատականացված պատվաստանյութի կիրառմամբ ստանդարտ քիմիաթերապիա, երկրորդում քիմիաթերապիան համատեղվել է պլացեբոյով: Նրանք, որոնք պատվաստանյութ են ստացել, 2 անգամ ավելի շատ էին, քան ստուգիչ խմբում ընդգրկվածները: Դրանից բացի, ցանկացածը կարող էր պատվաստանյութ ստանալ, եթե նրա հիվանդությունը նախնական բուժումից հետո պրոգրես էր ունենում: Այս կերպ, հետազոտվող դեղը վերջնարդյունքում ստացել է մասնակիցների 90 տոկոսը:

Սովորաբար գլիոբլաստոմայով հիվանդներն ախտորոշումը կատարելուց հետո ապրում են միջինը 18 ամսից պակաս: Հետազոտության ընթացքում հիվանդների միջին վերապրելիությունը կազմել է 23 ամսից մի փոքր ավելի: Ըստ որում 100 հիվանդներ ապրել են մինչեւ 40,5 ամիս: Չնայած գիտնականները դեռեւս ճշգրիտ չգիտեն, թե նրանցից ով է իսկապես պատվաստանյութ ստացել, քանի որ հետազոտությունը շարունակվում է, նրանք վստահ են, որ կյանքի տեւողությունը երկարել է DCVax-L-ի պատճառով:

Պատվաստանյութը յուրահատուկ է յուրաքանչյուր հիվանդի համար: Վիրահատությունից հետո, որի ընթացքում հեռացնում են ուռուցքի զգալի մասը, չարորակ հյուսվածքները ենթարկում են իմունային բջիջների՝ դենդրիտային բջիջների ազդեցությանը: Նրանք կլանում են գլիոբլաստոմայի հակագեները, որից հետո դրանք հետ են ներարկում հիվանդին: Հիվանդի օրգանիզմում լիմֆոցիտները ճանաչում են հակագեները, որոնք գտնվում են դենդրիտային բջիջների մակերեույթին, եւ գրոհում են ուռուցքի մնացած բջիջների վրա, որոնք նույն հակագենն ունեն:

Չնայած գլիոբլաստոման հաճախ անվանում են «ուղեղի քաղցկեղ», «քաղցկեղ» տերմինը, որպես կանոն, օգտագործվում է կարցինոմայի համար, որը զարգանում է տարբեր օրգանների էպիթելային հյուսվածքում: Իսկ գլիոբլաստոման առաջանում է գլիայի անվերահսկելի կիսման պատճառով՝ օժանդակ բջիջներ, որոնք շրջապատում են նյարդային հյուսվածքը, որն ապահովում է ազդակների փոխանցումը եւ կատարում այլ օժանդակ ֆունկցիաներ:



© NEWS.am Medicine