Գիտնականները ուղեղ են գտել աղիքներում

19:33   2 հունիսի, 2018

Մարդու օրգանիզմում «երկրորդ ուղեղ» կա, որը տեղադրված է աղիքներում: Դրա աշխատանքի մեխանիզմը նկարագրել են ավստրալացի գիտնականները, հայտնում է Science Alert-ը:

Էնթերալ (աղիքային) նյարդային համակարգը (ԷՆՀ) կազմված է միլիոնավոր նեյրոններից, որոնք կարգավորում են աղեստամոքսային համակարգի աշխատանքը: Այս համակարգը ծայրամասային է եւ գլխուղեղից ու ողնուղեղից կազմված կենտրոնական նյարդային համակարգից ինքնավար է գործում:

«Սա իրականում ինքնուրույն ուղեղ է»,- հայտարարել է Ֆլինդերսի համալսարանի պրոֆեսոր Նիկ Սփենսերը՝ հավելելով, որ ԷՆՀ-ը կարելի է անվանել նաեւ «առաջին ուղեղ», քանի որ այս համակարգը էվոլյուցիայի ընթացքում կենտրոնական նյարդային համակարգից ավելի վաղ է առաջացել:

Մասնագետները վերլուծել են մկների հաստ աղիի նեյրոններում էլեկտրական ազդակները եւ պարզել, որ ԷՆՀ-ը միաժամանակ է գործարկում գրգռող եւ արգելակող նեյրոնները, որոնք աղիներում մկանների կծկումներ են առաջացնում:

Ինչպես պնդում են հետազոտության հեղինակները, նախկինում գիտությանն անհայտ էր, որ ԷՆՀ միլիոնավոր բջիջներ միաժամանակ էլեկտրական ազդակներ են գեներացնում:



© NEWS.am Medicine