Իտալացի գիտնականները ստեղծել են «հակաքաղցկեղային» պիցցա

17:22   6 հունիսի, 2018

Իտալացի գիտնականները խոհարարների հետ ստեղծել են քաղցկեղի եւ սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների կանխարգելման համար օգտակար պիցցա: Պասկալինա պիցցան անվանում են «կյանքի տեւողությունը երկարացնող» եւ «հակաուռուցքային պիցցա»:

Պասկալինա պիցցայի բաղադրության մեջ են մտնում միջերկրածովյան սննդակարգի բաղադրիչները, որոնք հայտնի են իրենց օգտակար հատկություններով: Պիցցայի մեջ չկա ո՛չ պանիր, ո՛չ միս՝ դրանք բացառել են բաղադրությունից, քանի որ մեծ քանակությամբ վնասակար ճարպեր են պարունակում: Նոր պիցցան պատրաստված է ցորենի ալյուրի հիմքով եւ ծածկված է ռապինիով (բրոկոլիի տարատեսակ), չերրի լոլիկով, ձիթապտղով, սխտորով եւ չիլի պղպեղով:

Խոհարարական արվեստի եւ կանխարգելիչ բժշկության այս ձեռքբերումը պատրաստվում են ներկայացնել հաջորդ շաբաթ Նեապոլում Napoli Pizza Village պիցցայի փառատոնում:

Միլանի Ուռուցքների հետազոտման ազգային ինստիտուտի (Istituto Nazionale Tumori) գիտնականները պնդում են, որ բավական է պիցցան ուտել շաբաթական երկու անգամ, որպեսզի այն ապահովի քաղցկեղի եւ սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելումը:

Գիտնականները վաղուց են քարոզում միջերկրածովյան սննդակարգի օգտակարությունը, գիտական հետազոտությունները ցույց են տվել, որ այն, բացի նշված խնդիրներից, օգնում է կանխել ճարպակալումը եւ գլխուղեղի որոշակի հիվանդությունները:

Անցյալ տարի կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ լոլիկը կարող է դանդաղեցնել ստամոքսի չարորակ ուռուցքների աճը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մայիսին հրահանգել է հետեւել ձիթապտղի յուղով, մրգերով եւ բանջարեղենով հարուստ սննդակարգի:

Գիտնականներն առաջին անգամ չէ, որ ուշադրություն են դարձնում պիցցայի հակաքաղցկեղային պոտենցիալի վրա: 2003 թվականին հետազոտությամբ ցույց է տրվել, որ շաբաթական 2 անգամից ոչ պակաս պիցցա ուտող մարդիկ կերակրափողի քաղցկեղով 59 տոկոսով հազվադեպ են հիվանդանում, 34 տոկոսով՝ կոկորդի քաղցկեղով եւ 26 տոկոսով՝ աղիների քաղցկեղով:

«Մենք գիտեինք, որ սոուսի համար օգտագործվող լոլիկը այն մթերքներից է համարվում, որոնք կարող են կանխել քաղցկեղի որոշակի տեսակներ: Սակայն չէինք սպասում, որ պիցցան կանխարգելման գործում այսպիսի մեծ արդյունավետություն կունենա»,- նշել է Միլանի Mario Negri Institute for Pharmaceutical Research-ից բժիշկ Սիլվանո Գալուսը:

Լոլիկի ամենաօգտակար բաղադրիչն է համարվում հակաօքսիդանտ լիկոպինը, կարմիր պիգմենտ, որը պարունակվում է լոլիկի կեղեւում:



© NEWS.am Medicine