Արսեն Թորոսյանը հորդորում է բժիշկներին խիզախություն ունենալ եւ հայտնել գումարներ շորթող ղեկավարների անունները

10:59   7 հունիսի, 2018

Հարգելի բժիշկներ, սիրելի գործընկերներ, խնդրում եմ ձեզ օգնեք մեզ վերջ տալ մի շատ կոնկրետ արատավոր ու հանցավոր երեւույթի, որը դեռ առկա է մեր երկրի որոշ բուժհիմնարկներում: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում այսպիսի կոչով դիմել է բժիշկներին։

«Վերջին շրջանում ստանում եմ անանուն ահազանգեր, որ որոշ բուժհիմնարկների տնօրեններ (կամ նրանց հանձնարարությամբ տեղակալներ եւ բաժնի վարիչներ) գումար են շորթում բժիշկներից՝ կա՛մ ամսական կոնկրետ «նալոգ» դնելու, կա՛մ բժիշկների առանց այն էլ ցածր աշխատավարձը հետ պահանջելու միջոցով:

Խնդրում եմ ձեզ, նման դեպքում նամակ գրել [email protected] հասցեով, բայց միեւնույն ժամանակ խիզախություն եւ համարձակություն ունենալ տալ անուններ` թե՛ ձեր, թե՛ նման քայլերի դիմողների: Հակառակ պարագայում մենք եւ մեր իրավապահ մարմինները անզոր կլինենք ձեզ օգնելու հարցում: Նման անձինք դեռ չեն գիտակցում, որ Հայաստանը փոխվել է եւ այդ արատավոր բարքերը տեղ չունեն նոր Հայաստանում:

Ձեր օգնությամբ մենք «կհասկացնենք» նրանց դա:

Մի վախեցե՛ք, խոսե՛ք: Մենք ձեր կողքին ենք»,- գրել է նա։

 



© NEWS.am Medicine