Երիտասարդ տարիքում կույր աղիքի բորբոքումը ապագայում մեծացնում է շագանակագեղձի քաղցկեղի զարգացման վտանգը. հետազոտություն

22:44   7 հունիսի, 2018

Երիտասարդ տղամարդիկ, որոնք մինչեւ 20 տարեկանը կույր աղիքի բորբոքում են ունեցել, ապագայում 9 անգամ ավելի հաճախ են բախվում շագանակագեղձի քաղցկեղի հետ եւ դրա պատճառով մահանում, քան նրանք, ովքեր նման բորբոքում չեն ունեցել: Այս հիվանդությունների միջեւ արտասովոր կապը հայտնաբերել են Էրեբրու համալսարանի գիտնականները:

Մասնագետները դեռեւս չգիտեն, թե կույրն աղիքն ինչպես է փոխկապված շագանակագեղձի քաղցկեղի հետ: Հավանաբար, կույր աղիքը բորբոքում է առաջացնում, որի հետեւանքով օրգանիզմը ուռուցքի զարգացման համար բարենպաստ միջավայր է դառնում:

Հետազոտությանը մասնակցել է ավելի քան 240 հազար մարդ, որոնք զինվորական ծառայությունը սկսել են 18 տարեկանում: Հետազոտողները պարզել են, որ մասնակիցների մեջ տղաներ կան, որոնք մինչեւ զինվորական ծառայությունը սկսելը բախվել են կույր աղիքի բորբոքման հետ կամ այն հեռացնելու վիրահատության են ենթարկվել: Նրանց հետեւել են գրեթե 40 տարի:

1700 տղամարդկանցից մի փոքր պակասի մոտ ավելի ուշ զարգացել է շագանակագեղձի քաղցկեղ: Գիտնականները պարզել են, որ երիտասարդ տարիքում կույր աղիքի բորբոքումը 70 տոկոսով մեծացրել է շագանակագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը: Դրանից բացի, երտասարդ տարիներին կույր աղիքի բորբոքում տարած տղամարդկանց շրջանում 4 անգամ ավելի հաճախ են շագանակագեղձի քաղցկեղ հայտնաբերել՝ մարմնի այլ հատվածներում մետաստազներով: Իսկ քաղցկեղից մահանալու վտանգը 9 անգամ ավելի մեծ է եղել այն մարդկանց մոտ, որոնք երիտասարդ տարիքում բախվել են կույր աղիքի բորբոքման հետ:



© NEWS.am Medicine