Ռուբեն Վարդանյանը՝ երիտասարդ գիտնականներին. Մի՛ բողոքեք, թակեք բոլոր դռները

14:34   8 հունիսի, 2018

Հաջողության հասնելու համար անհրաժեշտ է հետաքրքրասեր լինել, թակել բոլոր դռները եւ փորձել ինչ-որ բան անել, այլ ոչ թե բողոքել: Այս մասին գործարար Ռուբեն Վարդանյանը հայտարարեց  հայազգի բրիտանացի վիրաբույժ, Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ Արա Դարզիի դասախոսության ժամանակ:

Վարդանյանը նշեց, որ Դարզին FAST հիմնադրամի Խորհրդատվական խորհրդի անդամ է, որը նույնպես ձգտում է օգնել գիտնականներին:

Գործարարը հայտնեց, որ վերջերս զրուցել է ԵՄ պաշտոնյաներից մեկի հետ, որը զբաղվում է գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում դրամաշնորհների բաշխմամբ: «Ես նրան հարցրի՝ քանի հայ է դրամաշնորհ ստանալու հայտ ներկայացրել: Նա պատասխանեց՝ զրո»,- ասաց Վարդանյանը՝ շեշտելով, որ այս ոլորտում հատկացվում են միլիոնավոր դոլարների դրամաշնորհներ:

Նրա խոսքով՝ Դարզիի հաջողության օրինակը ցույց է տալիս, որ անհրաժեշտ է աշխատասեր լինել, բաց ամեն նորի հանդեպ: «Փող, քաղաքականություն՝ այս բոլոր խնդիրները միշտ կլինեն: Մի՛ բողոքեք, փորձեք ինչ-որ բան անել»,- ասաց նա՝ դիմելով դասախոսությանը ներկա գիտնականներին եւ ուսանողներին:



© NEWS.am Medicine