Կրծքագեղձի քաղցկեղ՝ «բարի քաղցկեղ». Հայկուհի Գյոքչյանը գործընկերներին է հայտնում վերջին նորությունները

18:12   9 հունիսի, 2018

Կրծքագեղձի քաղցկեղը «բարի քաղցկեղ» է, որը լավ պատասխան է տալիս: Այս մասին կրծքագեղձի քաղցկեղի բուժման ժամանակակից մեթոդների վերաբերյալ միջազգային համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի գլխավոր քիմիաթերապեւտ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի քիմիաթերապիայի բաժանմունքի ղեկավար Հայկուհի Գյոքչյանը:

«Երկարատեւ բուժման դեպքում կարելի է հիվանդների կյանքի որակի բավականին լավ մակարդակ ապահովել, նունիսկ 4-րդ փուլի քաղցկեղի դեպքում»,- ասաց նա:

Մասնագետը նշեց, որ 2013 թվականին Հայաստանում գրանցվել է կրծքագեղձի քաղցկեղով հիվանդացության 1080 նոր դեպք, իսկ 2017-ին՝ 1118 նոր դեպք: «Սակայն ես դրական նոտայով պետք է ասեմ, որ 2017 թվականի մահվան դեպքերի թիվը 40-ով կրճատվել է: Այսինքն՝ Հայաստանում տարեկան միջինը ախտորոշվում է կրծքագեղձի քաղցկեղի 1000-1100 դեպք, իսկ մահվան դեպքերի թիվը կազմում է գրեթե 400»,- ասաց նա: Հայկուհի Գյոքչյանը հավելեց, որ եթե Հայաստանում նախկինում կրծքագեղձի քաղցկեղն ախտորոշում էին 4-րդ փուլում, ապա այսօր ախտորոշման մեթոդների բարելավման եւ կանանց իրազեկվածության շնորհիվ հիվանդությունն ախտորոշվում է առաջին 2 փուլերում:

Հայկուհի Գյոքչյանը հայտնեց, որ մտադիր է համաժողովում ներկայացնել կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման եւ բուժման ոլորտի վերջին տվյալները, որոնց ինքը տեղեկացել է վերջերս տեղի ունեցած Ամերիկայն կլինիկական օնկոլոգիայի ASCO 2018-ի (American Society of Clinical Oncology) խոշորագույն միջազգային համաժողովի ժամանակ: Նրա խոսքով՝ այսօր բուժման առաջավոր միջոցներ են համարվում թարգեթային թերապիան եւ իմունաթերապիան, որոնք զգալի հաջողություն են գրանցում, սակայն դրանք դեռեւս բուժման փարձարարական մեթոդներ են, որոնք մասայական տարածվածություն չունեն:

Սանկտ Պետերբուրգից ուռուցքաբան, Պետրովի անվան Ուռուցքաբանության գիտահետազոտական ինստիտուտի աշխատակից Տատյանա Սեմիգլազովան լրագրողների հետ զրույցում նշեց, որ քաղցկեղի բուժման հարցերում Հայաստանի եւ Ռուսաստանի համագործակցությունը չափազանց կարեւոր է, քանի որ տեղի է ունենում օնկոլոգիական հիվանդությունների բուժման եւ վերականգնման փորձի փոխանակում: Նշելով, որ այսօրվա քննարկման թեման կրծքագեղձի քաղցկեղն է՝ մասնագետը հավելեց. «Յուրաքանչյուր 8-րդ ընտանիքը կարող է դառնալ այս ողբերգության պատանդը, սակայն հարկ է հիշել, որ կրծքագեղձի քաղցկեղը վաղ փուլերում բուժելի է»: Ռուսաստանցի մասնագետը կանանց կոչ արեց բժշկի դիմել կրծքում նորագոյացության անգամ չնչին կասկածի դեպքում:

Ինչպես հայտնեց Արցախի Օնկոլոգիական դիսպանսերի տնօրեն Արմեն Հայրիյանը, Արցախում կրծքագեղձի քաղցկեղով հիվանդացության եւ մահացության վիճակագրությունը չի տարբերվում Հայաստանի վիճակագրությունից: Կանայք Ստեփանակերտում կարող են քիմիաթերապիա եւ վիրաբուժական բուժում ստանալ, սակայն ճառագայթային բուժման համար Երեւան են ուղարկվում: Ինչպես պարզաբանեց տնօրենը, խնդիրն այն է, որ ճառագայթային թերապիան անցկացվում է ԱԷՄԳ-ի վերահսկողությամբ, սակայն Արցախի չճանաչվածության պատճառով այս հարցը հիմա անհնար է լուծել:

Ինչ վերաբերում է քիմիաթերապիային եւ թարգեթային թերապիային, ապա Արցախում հիվանդներն այն ամբողջությամբ անվճար են ստանում՝ ի տարբերություն Հայաստանի, որտեղ համավճար է գործում:

«Էրեբունի» ԲԿ-ի եւ «Դավիդյանցի լաբորատորիաներ» ախտորոշման կենտրոնի կազմակերպած համաժողովին մասնակցում են Հայաստանից եւ Արցախից մոտ 50 ուռուցքաբաններ: Դասախոսություններով հանդես են գալիս Ռուսաստանից, Բելգիայից, Վրաստանից եւ Ղազախստանից եկած մասնագետները:

Կրծքագեղձի քաղցկեղի բուժման ժամանակակից մեթոդների վերաբերյալ համաժողովն անցկացվում է հունիսի 9-10-ը Ծաղկաձորում:



© NEWS.am Medicine