Միջազգային փորձագետը Հայաստանի անանսնաբուժա-սանիտարական ոլորտում առկա խնդիրների և մարտահրավերների մասին

15:39   10 հունիսի, 2018

2011 թվականից Հայաստանում սկսեց գործել սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ). մշակվեց սննդամթերքի անվտանգության ռազմավարությունը, ստեղծվեց համակարգ ու մեխանիզմ այն աշխատեցնելու համար,- պատմում է  ՍԱՊԾ առաջին ղեկավար Գրիգորի Գրիգորյանը, ով այսօր հանդիսանում է անասնաբուժա-սանիտարական առողջապահության և սննդամթերքի անվտանգության կազմակերպման գծով միջազգային փորձագետ: Ըստ պրն Գրիգորյանի՝ մինչ 2011 թվականի կեսը հիմքեր էին դրվել  բուսասանիտարական և անասնաբուժա-սանիտարական անվտանգությունը երկրում գրագետ ու արդյունավետ ապահովելու համար: Սակայն այսօր ինչպես միջազգային մասնագիտական կազմակերպությունները այդպես էլ մեր մասնագետները ծառայության աշխատանքը գնահատում են ամենացածր նիշով: Ի՞նչ է իրականում կատարվում փորձագետի գնահատմամբ:

Կենդանիների հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման վերաբերյալ

Ըստ պրն Գրիգորյանի՝ այսօր կենդանիների հատուկ վտանգավոր մի շարք հիվանդությունները մեծ տարածվածություն ունեն Հայաստանում: Դրանց վերահսկողությունն ու կանխարգելումը ՍԱՊԾ գործառույթն է, սակայն դրանց փոխարեն գործում է հիվանդությունների դեպքերը կոծկելու քաղաքականությունը: «ՍԱՊԾ այնպիսի վիճակում է, որ ի զորու չէ պաշտպանել ոչ կենդանիների, ոչ էլ մարդկանց առողջությունը: Մենք ամեն տարի ունենում ենք տարբեր հիվանդությունների բռնկումներ, և դրանց հետևանքով կենդանիների անկում կամ ոչնչացում, բայց այդ մասին ոչ մի խոսք չի ասվում ՍԱՊԾ կողմից, իսկ եթե ասվում է ապա միայն աղմուկ բարձրանալուց հետո»,- ասում է Գ. Գրիգորյանը:

Նա մի քանի հատուկ վտագավոր կենդանիների հիվանդություն է նշում, որոնք արդեն էնզոոտիկ են մեր տարածաշրջանում, իսկ որոշները՝ մեր հանրապետության գրեթե ողջ տարածքում:

Դաբաղ: Ամեն տարի պետությունը դաբաղի դեմ միլիոնավոր դրամների պատվաստանյութ է գնում, որի շնորհիվ հնարավոր է հիվանդության բռնկումը և տարածումը կանխել: Բայց դրա համար անհրաժեշտ է հիվանդության մշտադիտարկումը և պատվաստումը կազմակերպել հավուր պատշաճի, ինչը բացակայում է: Եթե անասունների գլխաքանակը դաբաղի դեմ պատվաստվել է, ապա այդ գլխաքանակում դաբաղ չի բռնկվի, իսկ եթե կա, ուրեմն կամ դա դաբաղի էկզոտիկ տիպ է, կամ էլ պատվաստումը թերի է արվել կամ ընդհանրապես չի կատարվել: Փաստն այն է, որ վերջին 15 տարիների ընթացքում էկզոտիկ տիպի դաբաղի բռնկում մենք ունեցել ենք միայն 2016 թվականին, իսկ դաբաղ հիվանդությունը հանրապետությունում բռնկվել է ամեն տարի:

Խոզերի աֆրիկական ժանտախտ: Իր վտանագավորությամբ սա թիվ մեկ հիվանդությունն է, քանի որ հիվանդության դեմ պատվաստանյութ գոյություն չունի, իսկ վարակման դեպքում միակ տարբերակը վարակված անասուններին ոչնչացնելն է: Ուստի դրա մշտադիտարկումը, տարածումը կանխելը կարևորագույն քայլը պետք է լինեն, ինչի համար անհրաժեշտ է հիվանդությունը քարտեզագրել և զոնավորել  ըստ բռնկման վտանգի աստիճանի: Սակայն իրականում միայն անասունների ոչնչացման դեպքերի հետ ենք առնչվում: «Գալիս մեծ գլխաքանակ ոչնչացնում են, հետո եզրակացության մեջ գրում են, թե հիվանդություն չի հայտնաբերվել: Դուք նման բան տեսե՞լ եք: Ֆերմերը բողոքում է՝ Ռուսաստանից եկել մեծ գումար եմ ներդրել, գալիս եք  ամբողջը ոչնչացնում եք, գոնե մի թուղթ տվեք, որ հիվանդություն է տարածված, գնամ փոխհատուցում ստանամ: Չեն ուզում դեպքը գրանցել, որպեսզի մի գնդակով երկու նապաստակ սպանեն. նախ՝ ֆերմերը կարող է փոխհատուցում պահանջել պետությունից, և հետո՝ ստիպված չեն լինի այդ հիվանդության բռնկման մասին տեղեկություն ներկայացնել Կենդանիների Առողջության Համաշխարհային Կազմակերպությանը, որի առաջ մենք պարտավորվածություն ունենք, իբրև թե արտահանման հետ կապված խնդիրներ չառաջանան: Ոչ, այդպես խնդիրներ ավելի շատ են առաջանում, դա ավելի է վնասում մեր տնտեսությանը, որովհետև ուղիղ խփում է ՍԱՊԾ հեղինակությանը և մեր երկրի վարկանիշին: Ես՝ որպես Կենդանիների Առողջության Համաշխարհային Կազմակերպության փորձագետ, կարող եմ վստահեցնել, որ մեր երկրի տնտեսության զարգացման համար տեխնիկապես ճիշտ է տեղեկացնել հիվանդությունների բռնկումների մասին: Այդպես մենք կապացուցենք, որ ունենք գործող վերահսկողության համակարգ և ի զորու ենք հայտնաբերել և կանխարգելել կենդանիների հիվանդությունները: Հակառակ դեպքում, այսինքն՝ այնպես, ինչպես որ հիմա արվում է, մենք դասվում ենք աֆրիկյան հետամնաց պետությունների շարքին, որոնք չեն տեղեկացնում հիվանդությունների մասին, քանի որ չունեն համակարգ՝ դրանց վերահսկողության համար: Աֆրիկական ժանտախտի տարածումը մեր հանրապետությունում այն ժամանակվա լիազոր մարմնի ղեկավարության հանցավոր անփութության և իրողությունը  թաքցնելու քաղաքականության հետևանք է»:

Թռչունների նյու-քասլ հիվանդություն: Այս հիվանդությունը 2010 թ. միլիոն ու կես թև գյուղատնտեսական թռչուն ոչնչացրեց Հայաստանում, որի հետևանքով հիմնականում տուժեցին փոքր գյուղացիական տնտեսությունները,- փաստում է պրն Գրիգորյանը: «Մենք կարող էինք կանխել հիվանդության տարածումը, բայց նորից այն ժամանակվա լիազոր մարմնի ղեկավարության հանցավոր անփութության և իրողությունը  թաքցնելու քաղաքականության հետևանքով ունեցանք այն, ինչ ունեցանք: Բայց ոչ մի տեղ թռչունների նման մեծ կորուստը չարձանագրեցին, չբարձրաձայնեցին և կոծկեցին: Հիվանդությունը Թուրքիայից էր տարածվել, քանի որ դրա դեմ պատվաստումը սխալ տեխնիկական կամ էլ ոչ տեխնիկական որոշման արդյունքում դադարեցվել էր, և այդքան թռչնի կորուստ ունեցանք»:

Մաշկաբորբ: Այս հիվանդությունը նույնպես բավականին տարածված է Հայաստանում, սակայն ինչպես մյուս դեպքերում, դրա տարածվածության մասին ՍԱՊԾ ևս չի խոսում և չի տեղեկացնում հանրությանը դրա ընթացքի մասին:  

Մանր եղջերավորների ժանտախտ: Հանրապետությունում այս հիվանդության բռնկման լուրջ վտանգ գոյություն ունի: «Երկու տարի առաջ շատ վտանգավոր բռնկում արձանագրվեց Վրաստանում, որի մասին այդ երկրի լիազոր մարմինը անմիջապես տեղեկացրեց Կենդանիների Առողջության Համաշխարհային Կազմակերպությանը: Ես այդ ժամանակ ահազանգեցի՝ ժամանակավոր կասեցրեք կենդանական ծագման հումքի և մթերքի ներկրումը Վրաստանից, դա շատ վտանգավոր է, քանի որ հիվանդությունը կարող է միանգամից վերացնել մեր երկրի մանր եղջերավոր կենդանիների ամբողջ գլխաքանակը: Եվ հաշվի առնելով, որ դրա դեմ պատվաստում չի կատարվել, մեր լիազոր մարմինը ուղղակի պարտավոր էր կասեցնել ներկրումը, բայց չարեց դա: Բարեբախտաբար այդ ժամանակ վարակը չներխուժեց մեր երկրի տարածք, բայց պետությունը չի կարող նման հարցը բախտի քմահաճույքին թողնել: Մեր սահմանային անասնաբուժասանիտարական վերահսկողությունը շատ թույլ է, սահմանային կարանտին չկա, ինչը միջազգային նորմերի և պահանջների կոպտագույն խախտում է: Կենդանիները առանց ստուգման չպետք է հատեն մեր սահմանը, բայց այսօր դրանք ներկրվում են, և կարող են իրենց կղանքի, մեզի, թքի և այլ արտաթորանքների միջոցով հիվանդության հարուցչին տարածել մեր երկրում: Տարածաշրջանում վխտում են հատուկ վտանգավոր հիվանդությունները, իսկ մենք չունենք դրանց դեմ ոչ թե համապատասխան, այլ տարրական պաշտպանության մակարդակ: Էլ չեմ խոսում տարբեր բակտերիալ և ճիճվային հիվանդությունների մասին, որոնք ներառված չեն  պետական հակաանասնաճարակային միջոցառումների ցանկի մեջ: Այսօր այս ցանկում ընդգրկված են 7 կենդանիների հիվանդություն և 3 զոոնոզ հիվանդություն»:

Զոոնոզներ: Զոոնոզները փոխանցվում են մարդկանց կենդանիների հետ շփվելուց կամ կենդանական ծագման մթերք օգտագործելուց: Դրանք են սիբիրախտը, տուբերկուլյոզը և  բրուցելոզը, որոնք պետական հակաանասնաճարակային միջոցառումների ցանկի մեջ են ներառված: Իսկ մի շարք վտանգավոր զոոնոզների, ինչպիսիք են կատաղությունը, էխինակոկոզը, սալմոնելոզը, և ճիճվային տարբեր հիվանդություններ, չեն վերահսկվում պետության կողմից: Միջազգային փորձագետը վստահեցնում է, որ դրանք տարածված են Հայաստանում և մեծ վտանգ են ներկայացնում, նամանավանդ կատաղությունը և էխինոկոկոզը:  

Տուբերկուլյոզ և բրուցելոզ. Սրանք այն հիվանդություններն են, որոնց հսկողությունն ու կանխարգելումը հանձն է առել պետությունը ՍԱՊԾ-ի միջոցով:

«Տուբերկուլյոզի համար ամեն տարի միլիոնավոր դրամներ են ծախսվում, բայց ոչ մի դեպք չկա գրանցված: Նորմալ երկրում կասեին՝ տարիներով ակտիվ մշտադիտարկում ենք իրականացնում և դեպք չենք հայտնաբերում, կամ Կենդանիների Առողջության Համաշխարհային Կազմակերպությանը տեղեկացրեք, որ մեր երկիրը ազատ է այդ հիվանդությունից և հռչակեք, որ մեր երկիրը ազատ է տուբերկուլյոզից, կամ եթե հայտնաբերվում է, ապա ինչու՞ դեպքեր չեք գրանցում: Պետք է նաև տեղեկացնեմ, որ երբ ՍԱՊԾ հայտարարում է որ դեպքեր չեն արձանագրվել, դա դեռ չի նշանակում, որ դեպքեր տեղի չեն ունեցել: Կարող է դեպքը տեղի ունենա և չարձանագրվի. նուրբ, բայց վտանգավոր և բացասական հետևանքներով հղի բառախաղ է»:

Պրն Գրիգորյանը շատ վտանգավոր է համարում նաև բրուցելոզի տարածվածության աստիճանը:

«ՍԱՊԾ-յան մասնագիտական տեսակետից թերի և անհեռատես քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ Հայաստանում սկսեցին բրուցելոզի դեմ մանր եղջերավորներին պատվաստել: Պատճառաբանությունը այն էր, թե ՄԱԿ-ի Պարենի և Գյուղատնտեսության Կազմակերպության փորձագետները ասել են, որ դա է պայքարի միջոցը: Պետք է ասեմ ձեզ, որ ոչ բոլոր միջազգային փորձագետներն են կիսում այդ կարծիքը: Անձամբ ես աշխատել եմ այդ Կազմակերպության գլխամասային գրասենյակում որպես կենդանիների առողջության միջազգային փորձագետ և իմ շատ գործնկերների հետ բազմիցս հնչեցրել ենք նման մոտեցման վտանգը: Առանց կենդանիների համարակալման և հաշվառման, առանց դրանց տեղաշարժի պատշաճ հսկողության և դրանց սանիտարական սպանդի մենք իրավունք չունենք կենդանիներին պատվաստել կենդանի պատվաստանյութով: Եթե նման պայմաններ չես կարողանում ապահովել, ո՞նց եք պատվաստում: Նման պատվաստումով մենք ստեղծում ենք բրուցելյոզի արհեստական օջախներ: Պատվաստելուց հետո պետք է ապահովել, որ պաստվաստված գլխաքանակը գոնե մեկ ամիս չտեղաշարժվի, չվաճառվի և չմորթվի, որովհետև կենդանիները այդ ընթացքում կարող են չպատվաստված կենդանիների և մարդկանց վարակի աղբյուր դառնալ: Չի կարելի կուրորեն հետևել միջազգային փորձագետների խորհրդին եթե մտածում եք ձեր երկրի մասին: Ի վերջո՝ ու՞ր են մեր մասնագետների կարծիքները: Անձամբ ես, լինելով Համաշխարհային Կենդանաբուժական Ասոցիացիայի զոոնոզների հսկողության և կանխարգելման գծով փորձագետ, պաշտոնապես հայտարարում եմ,  որ նման մոտեցման կիրառումը Հայաստանում վտանգավոր է և հղի է անկանխատեսելի հետևանքներով»- ասում է փորձագետը:

Սննդամթերքի անվտանգության ապահովման վերաբերյալ

«2012-ին ՀՀ Առողջապահության նախարարության պաշտոնական տվյալներով 52 մարդ վարակվեց սիբիրախտով: Դա գիտե՞ք՝ ինչ է նշանակում: Դա նշանակում է, որ հանրապետությունում անասնաբուժական համակարգը չի գործում,- բազմաթիվ փատերից մեկն է բերում պրն. Գրիգորյանը: Եթե ունես հիվանդ կենդանի, չես կարող առողջ մսամթերք ունենալ. Պարզ տրամաբանություն, որի մեջ չի տեղավորվում երկրում իրականացվող անասնաբուժա-սանիտարական քաղաքականությունը: Դաբաղով ու աֆրիկյան ժանտախտով հիվանդ կենդանու միսը ոչնչացնելու փոխարեն մեր երկրում այն վաճառում են՝ հայտարարում է մասնագետը: « Նման միս-մսամթերքը չպետք է մտնի առևտրի ցանց, քանի որ դա նպաստում է վարակի տարածմանը, այնինչ մեր ԳՈՄ-ի շուկայում ինչպես նաև հանրապետական ճանապարհների երկայնքով միս-մսամթերք են վաճառում, և ոչ մեկ չգիտի, թե որտեղից է այդ միս-մսամթերքը:  Կամ թռչնամիսը, որը հանրապետություն է ներկրվում մարդու համար վտանգավոր մանրէաբանական շեղումներով: ՍԱՊԾ թույլ է տալիս որ ներկրվի, հետո միջոցներ են ծախսվում այն առևտրի ցանցից հանելու նպատակով, իսկ որոշ դեպքերում համաձայնության են գալիս տնտեսավորողի հետ և չեն հանում մինչև աղմուկ չբարձրանա: Որոշ սուպերմարկետներում վաճառվում են հավի տոտիկներ, որոնք ԵՄ-ում կամ ԱՄՆ-ում նույնիսկ արգելված է կերակրել խոզերին, քանի որ հակաբիոտիկների ու ծանր մետաղների մնացորդների վտանգավոր մեծ քանակություն են պարունակում: Նման մթերքին անվտանգության սերտիֆիկատ հատկցնողը ինչու՞ պատասխանատվություն չի կրում: Այսքան տարվա ընթացքում այսքան բացահայտումներ եղան սննդամթերքի անվտանգության ոլորտում, կարո՞ղ եք ասել՝ քանի մարդ պատասխանատվություն կրեց դրանց համար»:

Ըստ նրա՝ շատ լուրջ խնդիր են սահմանային բուսասանիտարական և անասնաբուժասանիտարական վերահսկողության ու ներմուծվող ապրանքների ռիսկի իրական գնահատման քաղաքականության բացակայությունը: Այսօր օրենքով թույլատրվում է ՀՀ մթերք ներմուծել Թուրքիայից, Ադրբեջանից և Պակիստանից այն դեպքում, երբ այդ երեք երկրներն էլ ակնհայտ թշնամական կեցվածք ունեն մեր երկրի նկատմամբ: Թուրք ֆերմերները հայտարարում են, թե թունաքիմիկատներով մշակված պտուղ-բանջարեղենը վաճառում են միայն հայերին ու քրդերին և ՍԱՊԾ կողմից ոչ մի արձագանք: Պակիստանը աշխարհում միակ երկիրն է որ դեռևս չի ճանաչել Հայաստանը որպես պետություն և որը հանդիսանում է ահաբեկչության համաշխարհային կենտրոններից մեկը: Ասեմ ավելին, այսօր Պակիստանում կենսաբանական զենքի մշակումներ են իրականացվում, և այդ երկրի քաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ամեն ինչով աջակցելու է Ադրբեջանին Հայաստանի դեմ պայքարում: Ադրբեջանական արտադրանքի ՀՀ շուկայում հայտնվելուն չեմ ցանկանում անդրադառնալ, քանի որ բազմիցս խոսել եմ դրա վտանգի մասին: Եվ այս ֆոնին ՍԱՊԾ շարունակում է թույլատվություն շնորհել այդ երկրներում արտադրված սննդամթերքի ներկրմանը Հայաստան, իսկ Սպառողների միության նախագահը հայտարարում է, թե ինչ տարբերություն՝ սխտորը Ադրբեջանում է արտադրվել, թե Բուլղարիայում,-  նման մոտեցումից զարմացած՝ընդգծում է նա:

Հայաստանում անասնաբուժասանիտարական ընդհանուր իրավիճակի վերաբերյալ

«Ժամանակին մենք Եվրոպական Հանձնաժողովի և ՄԱԿ-ի Պարենի և Գյուղատնտեսության Կազմակերպության օգնությամբ էլեկտրոնային համակարգ ներդրեցինք, որը քարտեզագրում և կիսամյակի կտրվածքով ցույց էր տալիս հիվանդությունների տարածման շրջանները: Այն կոչվում էր Կենդանիների Հիվանդությունների Վերահսկողության Ազգային Համակարգ, որը սկսեց գործել 2006-թվականից բայց առ այսօր չի տպագրվել ոչ մի զեկույց այդ Համակարգի հավաքագրած տվյալներով»:

Ո՞ւր է անասնաճարակային քարտեզը, երբ տարածաշրջանում տարածված են հիվանդությունները՝ կհարցնի ցանկացած մասնագետ: Պրն Գրիգորյանը չի հիշում, թե վերջին անգամ երբ է հիվանդությունների տարածվածության վերաբերյալ տեղեկությունների քարտեզ հրապարակվել:

«7 տարի է՝ ՍԱՊԾ ռիսկեր է գնահատում, այն դեպքում երբ ոլորտի մասնագետները բոլոր ռիսկերը անգիր գիտեն: Գնացեք ցանկացած մարզ, համայնքային անասնաբույժին հարցրեք և նա ձեզ կներկայացնի անասնաճարակային իրական պատկերը: Խոսում են ներկրում-արտահանումից, իսկ Հայաստանում բուսասանիտարական կամ անասնաբուժասանիտարական իրավիճակի բարելավվման ուղղությամբ ի՞նչ է արվել: Նախ ներսի իրավիճակը պետք է շտկել, նոր միայն մտածել արտահանման մասին: Պարզ է, եթե այսպես շարունակվի, մեր արտահանումը միշտ մնալու է սահմանափակ»:

Արտաքին դաշտում ևս պրոֆեսիոնալ դրսևորման որևէ նշույլ չկա: «Այսքան տարի ես միջազգային կազմակերպությունում եմ աշխատում՝ չեմ տեսել, որ Հայաստանից որևէ մեկը մեր երկրի խնդիրների վերաբերյալ հարց բարձրացնի: Մի շարք ոլորտային համաշխարհային կազմակերպություններ գնահատել են մեր անասնաբուժասանիտարական համակարգը և ընդգծել բացերը: Ըստ միջազգային փորձագետների, մեր անասնաբուժասանիտարական համակարգը  շատ ցածր մակարդակի վրա է. Որտե՞ղ են այդ հաշվետվությունները, ինչու՞ դրանք չեն ներկայացվում կառավարությանը, որ կառավարությունը տեղյակ լինի խնդիրների մասին: Այդ հաշվետվությունները կան, բայց դրել են մի կողմ, ոչ մեկին չեն ասում»:

Իրավիճակի ուղղման վերաբերյալ

Միջազգային փորձագետ Գրիգոր Գրիգորյանը աշխատում է աշխարհի տարբեր երկրներում՝ մշակելով և ներդնելով սննդի անվտանգության իրենց ծառայությունները: Մեր համակարգը, ըստ նրա, հնարավոր է վերափոխել և գրագետ ու արդյունավետ աշխատանք ապահովել ընդամենը մեկ տարում: Այսօր դրա համար մենք ունենք և քաղաքական կամք, և մարդկային ռեսուրսներն ու տեխնիկական հնարավորություններ:

Մեր խնդիրները առաջացել են այն պահից, երբ այս կարևորագույն ոլորտի ղեկավարությունը վստահվեց մարդկանց, ովքեր գաղափար նույնիսկ չունեն, թե ինչ է անասնաբուժասանիտարական հսկողությունը: «Մենք ունենք հրաշալի ու համարձակ մասնագետներ, ովքեր կարող են ուղղել իրավիճակը, բայց ցավոք նրանցից շատ քչերն են մնացել ՍԱՊԾ-ում, և նրանց կարծիքը գրեթե հաշվի չի առնվել ՍԱՊԾ ղեկավարության կողմից տեխնիկական որոշումներ կայացնելու ժամանակ: Այդ մնացածներից շատերին ՍԱՊԾ ղեկավարությունը 2012 թվականից ստիպել է իրենց մասնագիտական կարողությունները ծառայեցնեն քաղաքական շահերին և տարբեր կոռուպցիոն սխեմաներին, ինչը ևս շատ ցավալի է: Իմ անձնական կարծիքով, ՍԱՊԾ ղեկավարությունը պետք է ոչ միայն մասնագետներից բաղկացած լինի, այլ նաև կարողանա հավուր պատշաճի ներկայացնել այդ կառույցը ազգային և միջազգային հարթակներում և վայելի թե իր կոլեկտիվի, և թե միջազգային փորձագիտական շրջանակների հարգանքը: Այս կառույցը պետական անվտանգության հիմնասյուներից է, միայն լավագույնները պետք է աշխատեն, և այն պետք է ունենա այնպիսի մակարդակ, որ այնտեղ աշխատելը մեծ պատիվ լինի մասնագետի համար:»

Կադրային քաղաքականությունը թիվ մեկ խնդիրն է, որ պետք է լուծել:  Հաջորդը օրենսդրական, ենթաօրենսդրական ակտերի վերանայումն է: Կարևոր քայլ է կենդանիների հիվանդությունների և զոոնոզների ուսումնասիրությունը, քարտեզագրումը, ռիսկերի գնահատումը, վերահսկողության պլանի մշակումն ըստ մարզային, շրջանային և համայնքային առանձնահատկությունների: Եվ վերջապես ամեն ինչ կատարվի թափանցիկ: «ՍԱՊԾ վարկանիշը և նրա հանդեպ վստահությունը այնպիսի մակարդակի պետք է հասցնել, որ Հայաստանի բնակչությունը առանց որևիցե կասկածի կամ վախի զգացոության գնի իր նախնտրած սննդամթերքը, իսկ Ռուսաստանը և այլ երկրները, ուր արտահանվում է մեր արտադրանքը,  ոչ թե ետ ուղարկեն այն, այլ միայն սերտիֆիկատների հիման վրա և առանց լաբորատոր ստուգումների թույլ տան ներկրել, որովհետև դա Հայաստանից է: Մեր երկրի, մեր ժողովրդի և մեր կառավարության վարկանիշը այսօր բավական բարձր է աշխարհում և ՍԱՊԾ պետք է աշխատի այն էլ ավելի բարձրացնելու ուղղությամբ»,-եզրափակում է Գրիգոր Գրիգորյանը:

 



© NEWS.am Medicine