Հայաստանի Արյունաբանական կենտրոնի բժիշկները խոստացան օգնել Քաթինային դեղով եւ խորհրդով

20:09   10 հունիսի, 2018

Հայաստանի Արյունաբանական կենտրոնի բժիշկները խոստացել են օգնել բժիշկ-միսիոներ Թոմ Քաթինային միելոիդ լեյկոզի բուժման համար դեղորայքով եւ խորհուրդներով: Մասնագետները զրույցի բռնվեցին Քաթինայի՝ Արյունաբանական կենտրոն կատարած այցի ժամանակ, երբ բժիշկը մտավ միելոիդ լեյկոզով տառապող հիվանդի պալատ, ով, իմանալով «Ավրորա» մրցանակաբաշխության հաղթողի ժամանման մասին, նրա հետ ծանոթանալու ցանկություն էր հայտնել:

Թոմ Քաթինան պատմեց հայ բժիշկներին, որ իր հիվանդանոցը չի կարողանում դեղորայք ձեռք բերել այս հիվանդության բուժման համար: Արյունաբաններ Երվանդ Հակոբյանը եւ Կարեն Մելիքսեթյանը պատմեցին, որ դեղորայքի հարցում Հայաստանին արդեն երկար տարիներ օգնում է Max Foundation-ը, եւ մոտ 250 հիվանդ անվհատույց դեղ է ստանում: Նրանք խոստացան, որ այս հիմնադրամի միջոցով կփորձեն լուծել դեղորայքի խնդիրը Թոմ Քաթինայի՝ Սուդանի Նուբա լեռներում գտնվող հիվանդանոցի համար:

Կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը Թոմ Քաթինային գիրք նվիրեց Հայաստանի գեղատեսիլ վայրերի մասին: Թոմ Քաթինան գրառում կատարեց Արյունաբանական կենտրոնի այցելուների գրքում եւ լրագրողների հետ զրույցում նշեց, որ տպավորված է այս կենտրոնի եւ այստեղ աշխատող բժիշկների մակարդակով:

«Հանդիպումը ցույց տվեց, որ աշխարհը կլոր է, ու եթե դու մեկին օգնություն ես ցուցաբերում, անպայման ուրիշ տեղից քեզ օգնություն կհասնի։ Բոլորս գիտենք Թոմ Քաթինայի արած բարի գործի մասին, սակայն այսօր պարզվեց, որ Սուդանում գտնվող իր հիվանդանոցում քրոնիկ միելոիդ լեյկոզով տառապող հիվանդներ կան, որոնց թանկարժեք Glivec տեսակի դեղորայքը հասցնել հնարավոր չէ։ Եվ մեզ մոտ միտք ծագեց օգնել Քաթինային»,- NEWS.am Medicine-ի թղթակցին ասաց Երվանդ Հակոբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։



© NEWS.am Medicine