Պրոֆեսիոնալ ալկագոլիկ է. Նորայր Դավիդյանն արձագանքում է իր կենտրոնում չարաշահումների վերաբերյալ ահազանգին

21:56   10 հունիսի, 2018

6-րդ գլխավոր վարչությունում ՀՀ առողջապահության նախարարության «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն»-ում չարաշահումների հետ կապված հաղորդում ներկայացրած անձինք կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանի տեղակալն ու կենտրոնում գրանցված վարորդն են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց կենտրոնի տնօրեն, առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանը:

«Հաղորդում տված անձը որպես վարորդ է գրանցված, հարբեցողի մեկն է, պրոֆեսիոնալ ալկագոլիկ, ինքը մեկա իր 30 հազարը ստանում է ու կռիսություն է  անում: Ես ուզում էի դրան գործից հանել, մի 6 ամիս առաջ, բայց ինքը իմ վրա գրեց Կենտրոնի ոստիկանությունում: Չգիտեմ իրեն սովորացրել են, իր հետեւում մեկը կանգնած է, չեմ կարող ասել, բայց ինքը բողոք գրեց, մի քանի ամիս առաջ եկան, ստուգեցին, ոչինչ չգտան: Կարծում եմ դրան սովորացնողը իմ տեղակալն է եղել, որի կարիքը ես չունեի, բերեցին զոռով ճխտեցին, մի տականք էլ դա է: Ես էն մարդը չեմ, որ ուղղակի տնօրեն եմ, ես հարգանք ունեմ իմ կոլեկտիվի առաջ»,-ասաց Նորայր Դավիդյանը:

Նա նշեց,  որ չգիտի էլ, թե ինչու են իր դեմ նման քայլերի դիմել, իր կարծիքով երեւի ցանկանում են իրեն աշխատանքից հեռացնել:

Անդրադառնալով այն տեղեկատվությանը, որ կենտրոնում 25 աշխատակիցներ են գրանցված եղել եւ նրանց աշխատավարձերը յուրացվել են, Դավիդյանն ասաց, որ նման փաստաթուղթ չի հայտնաբերվել, դա կատարյալ սուտ է եւ հերյուրանք:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Shamshyan.com-ի փոխանցմամբ, վերջինս իրավապահներին հայտնել է, որ ՀՀ առողջապահության նախարարության «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն, 68-ամյա Ն.Դ.-ն օգտագործել է իր պաշտոնեական դիրքը եւ կատարել մի շարք չարաշահումներ:

Կայքի տեղեկություններով, Ա.Բ.-ն 10 տարուց ավելի ձեւակերպված է եղել նշված կենտրոնում որպես ավտոմեխանիկ, ինչի համար նա ամեն ամիս պետք է ստանար 57 հազ. դրամ աշխատավարձ:

Ա.Բ.-ն հայտնել է, որ տարիներ շարունակ ինքը աշխատավարձ չի ստացել, եւ այն կուտակվելով, դարձել է մոտ 7 մլն դրամ, որը նույն կենտրոնի հաշվապահ Լ.Խ.-ի միջոցով փոխանցվել է Ն.Դ-ին:



© NEWS.am Medicine