Գիտնականները պրոբիոտիկներ են գտել, որոնք կարող են ուղեղը դեպրեսիայի հանդեպ կայուն դարձնել

21:35   11 հունիսի, 2018

Գիտնականները Ուգանդայի ափերին պրոբիոտիկներ են գտել, որոնց ներարկումը կարող է դեպրեսիայի եւ հետվնասվածքային սթրեսային խանգարման հանդեպ ուղեղը կայուն դարձնել: University of Colorado-ի գիտնականների խոսքով՝ այսպիսի պրոբիոտիկների ներարկում կարելի է կատարել զինվորներին մարտական հանձնարարություններից առաջ:

Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ վնասվածքը, հիվանդությունը կամ վիրաբուժական վիրահատությունը ուղեղի որոշակի հատվածները սթրեսի հանդեպ ավելի զգայուն են դարձնում: Դրա հետեւանքով ապագայում սթրեսային իրավիճակներում առաջանում է բորբոքային պատասխան, ինչը մեծացնում է տրամադրության խանգարումների եւ կոգնիտիվ խախտումների վտանգը: Գիտնականների հայտնաբերած Mycobacterium vaccae բակտերիաները մեծացնում են սթրեսի հանդեպ ուղեղի կայունությունը:

Գիտնականները նախկինում փորձ են անցկացրել. մկներին Mycobacterium vaccae են ներարկել, որից հետո նրանց 19 օր թողել են խոշոր եւ ագրեսիվ արուի հետ: Ներարկման շնորհիվ մկները ավելի պակաս են անհանգստացել, ինչպես նաեւ ավելի հազվադեպ են բախվել կոլիտին ու ծայրամասային հյուսվածքների բորբոքումներին: Այնուհետեւ մասնագետները որոշել են պարզել, թե Mycobacterium vaccae-ն կոնկրետ ինչպես է ազդում ուղեղի վրա:

Առնետների արուներին 3 անգամ բակտերիաներ են ներարկել, ինչը բերել է հիպոկամպում (ուղեղի՝ կոգնիտիվ ֆունկցիաների, վախի եւ տագնապի հետ կապված հատված) հակաբորբոքային սպիտակուց ինտերլեյկին-4-ի մակարդակի բարձրացման: Արդյունքը նկատվել է երրորդ ներարկումից հետո 8 օր անց:

Սթրեսի վիճակում այն կենդանիների մոտ, որոնց բակտերիաներ էին ներարկել, ցածր են եղել HMGB1 սպիտակուցի մակարդակները, որը մեծացնում է ուղեղում բորբոքման վտանգը: Նրանց մոտ նաեւ բարձր էր CD200R1 գենի էքսպրեսիայի մակարդակը: Այս գենը կոդավորում է սպիտակուցը, որը ճնշում է ուղեղի գլիալային բջիջների բորբոքային պատասխանը: Դրանից բացի, ներարկումները առնետների մոտ նվազեցրել են տագնապի զգացումը:

Մասնագետները հույս ունեն, որ իրենց եզրահանգումները կօգնեն պատվաստանյութ մշակել մարդկանց մոտ հետվնասվածքային սթրեսային խանգարման, տագնապի եւ դեպրեսիայի դեմ:



© NEWS.am Medicine