Երեւանում մահացած 5-ամսական երեխայի մոտ սրտի բնածին արատ է եղել

19:53   11 հունիսի, 2018

«Արաբկիր» ԲԿ-ում 5-ամսական երեխայի մահը հազիվ թե կապված լիներ պատվաստանյութի հետ, որը նա ստացել է մահից 2 օր առաջ. աղջկա մոտ եղել է սրտի բնածին արատ, որին նրա ծնողները եւ բժիշկները տեղյակ չէին: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնեց «Հերացի» բժշկական համալիրի պոլիկլինիկայի մամուլի քարտուղար Շուշան Դանիելյանը, որտեղ երեխան դիսպանսեր հաշվառման էր վերցված:

Ըստ պատվաստումների օրացույցի՝ աղջիկը հերթական պատվաստումը ստացել է հունիսի 5-ին, եւ բժիշկների տեղեկացմամբ՝ նրա մոտ ոչ մի բարդություն կամ կողմնակի էֆեկտ չի գրանցվել: Հունիսի 7-ին աղջիկը սկսել է իրեն անհանգիստ պահել, եւ ծնողները պոլիկլինիկա են դիմել, որտեղ ականջի բորբոքում են ախտորոշել: Աղջկան բուժում է նշանակվել, իսկ ծնողներին առաջարկել են նրան դարձյալ պոլիկլինիկա բերել հաջորդ օրը:

Սակայն աղջիկը շարունակել է իրեն սովորականի նման չպահել, եւ անհանգստացած ծնողները որոշել են նրան տեղափոխել «Արաբկիր» մանկական հիվանդանոց: Երկու ժամ անց աղջիկը մահացել է վերակենդանացման բաժանմունքում, որտեղ նրա մոտ հայտնաբերել են սիրտ-անոթային սուր անբավարարություն, սուր միոկարդիտ, II°-III° շնչառական անբավարարություն եւ նախկինում չհայտնաբերված սրտի բնածին արատ:

Գործով քննություն է կատարվում, իսկ դիահերձման արդյունքները, որոնք ցույց կտան երևեխայի մահվան իրական պատճառը, հայտնի կլինեն ավելի ուշ:



© NEWS.am Medicine