35 տարեկանից հետո ծննդաբերած կանանց երեխաները ավելի հաճախ են բախվում սրտանոթային հիվանդությունների

10:46   12 հունիսի, 2018

35 տարեկանից հետո ծննդաբերած կանանց երեխաները ավելի հաճախ են առողջական խնդիրների բախվում, քան ավելի երիտասարդ մայրերի երեխաները։ Նման եզրակացության են հանգել Ալբերտայի համալսարանի գիտնականները։

Գիտնականների խոսքով՝ այդ տարիքում հղիության ու ծննդաբերության ժամանակ բարդացումների հավանականությունը բավականին բարձր է։ Բացի դրանից, 35 տարեկանից մեծ կանայք ավելի հաճախ են ցածր քաշով կամ ժամկետից շուտ երեխաներ լույս աշխարհ բերում, ինչը կարող է բացասական հետևանքներ ունենալ։

Գիտնականները հետազոտություն են իրականացրել առնետների վրա, որի շրջանակում էգերը այն տարիքում, որը համազոր է մարդկանց 35 տարեկանին, զուգավորվում էին երիտասարդ որձերի հետ։ Հետո մասնագետները գնահատել  են այդ առնետների մեծացած սերնդի սրտի ու անոթների վիճակը։ Նրանք պարզել են, որ այդ ձագերը հաճախ սրտի ու անոթների հետ կապված խնդիրներ ունեին։ Հետաքրքիր է, որ ավելի խոցելի էին որձերը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են The Journal of Physiology ամսագրում։

Հետաքրքիր է, որ մեկ այլ հետազոտություն, որն իրականացվել է Օրհուսի համալսարանում, ցույց է տվել, որ մայրերը, որոնք ուշ են ծննդաբերել, ավելի լավ էին հաղթահարում մայրության հետ կապված խնդիրները։ Բացի դրանից երեխաների դաստիարակության վերաբերյալ նրանց տեսակետները ավելի դրական են, քան երիտասարդ մայրերի մոտ։ Արդյունքում մեծահասակ մայրերի երեխաները վարքագծային, սոցիալական ու զգացմունքային ավելի քիչ խնդիրներ ունեն։



© NEWS.am Medicine