Նա բնածին արատ չի ունեցել. Հայրը 5-ամսական աղջկա մահվան մեղավոր է համարում անուշադիր բժիշկներին

22:14   12 հունիսի, 2018

Հունիսի 7-ին մահացած 5-ամսական աղջկա մոտ սրտի բնածին արատ չի եղել, սակայն փոխարենը այլ հիվանդություններ են եղել, որոնք պոլիկլինիկայում բժիշկներն անտեսել են պատվաստում կատարելիս: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում պատմեց աղջկա հայրը՝ Նարեկ Գրիգորյանը:

Հոր խոսքով՝ աղջկան ծննդատնից դուրս են գրել առողջ, իսկ կյանքի առաջին ամիսներին առողջության եւ զարգացման բոլոր ցուցանիշներով նա անցել է իր տարեկիցներից: Մայիսին պատվաստելուց առաջ նրան ամբողջությամբ հետազոտել են՝ նա, ինչպես նախկինում, առողջ էր: Սրտի հետ կապված խնդիրներն աղջկա մոտ սկսվել են, ավելի շուտ, առաջին պատվաստումից հետո, սակայն բժիշկներից ոչ մեկը այս խնդիրները այդպես էլ չի նկատել, որի արդյունքում աղջիկը բուժում չի ստացել, որը, հնարավոր է, կկարողանար նրա կյանքը փրկել:

Հունիսի 5-ին աղջկան բերել են «Հերացի» հիվանդանոցային համալիրի պոլիկլինիկա՝ հերթական պատվաստման, որտեղ նա դիսպանսեր հաշվառման էր վերցված: Նախքան պատվաստումը նրան պետք է հետազոտեին մի քանի մասնագետներ, սակայն դա չի արվել՝ նրան անմիջապես տարել են բաժանմունքի վարիչի մոտ:

Հայրը բժշկի ուշադրությունն է հրավիրել, որ աղջիկն այնքան էլ առողջ չի թվում՝ նա առատ քրտնարտադրություն ուներ, հեղձուկ, ավշահանգույցները բորբոքված էին եւ այնքան մեծացած, որ դրանց պատճառով տեսանելի էր կրծքվանդակի ձեւախախտումը: Բուժքույրը չափել է աղջկա ջերմությունը եւ տեսնելով 36.9 նիշը՝ սովորականի փոխարեն էլեկտրոնային ջերմաչափ է բերել, որն արդեն 36.4 է ցույց տվել:

«Ես հարցրեցի՝ նորմա՞լ է, որ երեխայի ջերմությունն այդքան է: Նրանք ասացին, որ ամեն ինչ նորմալ է, նա, հավանաբար, ուղղակի շոգում է: Ես հարցրեցի՝ ինչո՞ւ է նա այսքան առատ սառը քրտինքով քրտնում: Նրանք պատասխանեցին, որ շոգ է, ահա եւ քրտնում է: Սուսաննա Սերգեեւնան ասաց, որ իմ աղջկա մոտ ամեն ինչ նորմալ է, եւ կարելի է պատվաստում կատարել,- պատմեց հայրը: - Բայց այդ ժամանակ ամեն ինչ արդեն ամենեւին էլ նորմալ չէր. նրա սրտի մեջ արդեն մոտ 17 մգ հեղուկ էր հավաքվել, եւ այն կշռում էր 102 գրամ՝ սահմանված 40 գրամի փոխարեն: Եվ բժիշկներն այս ամենը չեն նկատել, ամբողջ ժամանակ ասում էին, որ ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ այդպես էլ պետք է լինի»:

Այսպես աղջկան պատվաստել են եւ տուն ուղարկել: Նրա վիճակը նկատելիորեն վատթարացել է 2 օր հետո, եւ հայրը դարձյալ նրան բերել է նույն բժիշկների մոտ: Որոշելով, որ ցավում է նրա ականջը՝ երեխային ուղարկել են ԼՕՌ բժշկի մոտ, որը տեղում չէր: Նրա գործընկերները հորը կոպիտ տոնով ասել են, որ բժիշկը երկրորդ աշխատանքին է գնացել:

Նարեկ Գրիգորյանը զանգահարել է ԱՆ թեժ գծին, գանգատվել բժիշկների վերաբերմունքից:

«Այդ ժամանակ անմիջապես հայտնվեցին ե՛ւ ավագ քույրը, ե՛ւ ԼՕՌ բժիշկը, ե՛ւ շատ ուրիշները: Երեխային մակերեսային հետազոտեցին, ասացին, որ ականջն է ցավում, կաթիլներ նշանակեցին, հետո ասացին, որ փորը նույնպես ցավում է, նշանակեցին գլիցերինային մոմիկներ: Դուք չեք պատկերացնի, թե մեզ ինչպես էին համոզում եւ հանգստացնում: Սուսաննա Սերգեեւնան այնուհետեւ կնոջս բողոքել էր, թե ամուսինդ խուճապի մատնվող է,- ասաց հայրը: - Իրականում երեխան արդեն այդ ժամանակ ինֆարկտ էր տարել: Նրան այդքան բժիշկներ զննեցին, ոչ մեկը չհասկացավ, թե ինչ է տեղի ունենում»:

Ծնողները երեխայի հետ տուն են վերադարձել, սակայն գլիցերինային մոմիկների եւ առավել եւս՝ փորի վրա տաք թրջոցների հետեւանքով աղջկա վիճակն ավելի է վատթարացել: Այդ ժամանակ Նարեկը զանգահարել է ծանոթ բժշկի եւ ներկայացրել ախտանշանները՝ ջերմություն չունի, բայց աղջիկը գունատ է, ծածկվում է սառը քրտինքով, շնչառությունն ընդհատվում է: Բժիշկն ասել է, որ չի կարելի ժամանակ կորցնել՝ հարկավոր է անհապաղ հիվանդանոց տեղափոխել:

Աղջկան անմիջապես տարել են «Արաբկիր» ԲԿ, վերակենդանացման բաժանմունք: Նրա մոտ հայտնաբերել են սուր սիրտ-անոթային անբավարարություն, սուր միոկարդիտ, II°-III° շնչառական անբավարարություն: Սակայն արդեն չափազանց ուշ էր, եւ նրան ոչ մի բանով չկարողացան օգնել:

Երբ հայտնի դարձավ երեխայի մահվան մասին, Նարեկ Գրիգորյանին զանգահարել են Առողջապահության նախարարությունից եւ ասել, որ միջազգային նորմերի համաձայն՝  պատվաստում կարելի է անել նաեւ 37.5 աստիճան ջերմության դեպքում, իսկ սրտի արատը, եթե այն նրա մոտ եղել է, հակացուցում չի համարվում:

Ավելի վաղ NEWS.am Medicine-ին «Հերացի» համալիրից հայտնել էին, որ 5-ամսական երեխայի մահը հազիվ թե կապված լիներ պատվաստանյութի հետ, որը նա ստացել է մահից 2 օր առաջ. աղջկա մոտ եղել է սրտի բնածին արատ, որին նրա ծնողները եւ բժիշկները տեղյակ չէին:

Երեւանում մահացած 5-ամսական երեխայի մոտ սրտի բնածին արատ է եղել

Աղջկա մահվան իսկական պատճառը կպարզվի դատաբժշկական փորձաքննությամբ, որի արդյունքները հայտնի կդառնան մոտ մեկ ամիս հետո:



© NEWS.am Medicine