Երբեմն սրտի բնածին արատի մասին իմանում են 50 տարեկանում. գլխավոր մանկական սրտաբան

17:38   13 հունիսի, 2018

Սրտի որոշ բնածին արատների մասին հայտնի է դառնում հղիության ժամանակ կամ երեխայի ծնվելուց անմիջապես հետո, սակայն կան նաեւ այնպիսի արատներ, որոնց մասին մարդն իմանում է ամիսներ, երբեմն էլ տարիներ հետո: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության գլխավոր մանկական սրտաբան Հովհաննես Զոհրաբյանը:

Նրա խոսքով՝ պտղի մոտ սրտի արատը կարելի է կասկածել 20-շաբաթական հղիության ժամանակ ՈՒՁՀ կատարելիս, երբ սոնոգրաֆիստը կարող է գնահատել սրտի եւ մյուս ներքին օրգանների կառուցվածքը: Եթե մասնագետի մոտ սրտի արատի առկայության կասկած է առաջանում, հղի կնոջն ուղարկում են սրտաբանի մոտ, որն անցկացնում է ֆետալ էխոկարդիոգրաֆիա: Այս հետազոտության արդյունքները ոչ միշտ են ճշգրիտ՝ գրեթե 70-80 տոկոս դեպքերում սխալ են ցույց տալիս պտղի մոտ սրտի արատի առկայությունը կամ բացակայությունը:

Ինչպես նշեց մասնագետը, նման հետազոտությունը, ՈՒՁՀ-ի ժամանակ նույնիսկ արատի կասկածի բացակայության դեպքում, հաճախ անցկացվում է նաեւ այն դեպքերում, երբ հղի կինը եւս սրտի բնածին արատ ունի (այս դեպքում պտղի մոտ վտանգն ավելի է մեծանում): Ռիսկի խմբում են մտնում նաեւ այն հղիները, որոնք քրոնիկական հիվանդություններով են տառապում, ինչպիսին դիաբետն է կամ հիպոթիրեոզը, ինչպես նաեւ 35 տարեկանից մեծ կանայք, հատկապես եթե դա նրանց առաջին հղիությունն է:

Երեխային ծնվելուց հետո հետազոտում է նեոնատոլոգը, եւ եթե սրտի արատի որեւէ ախտանշան է նկատում, նորածնով արդեն զբաղվում է մանկական սրտաբանը, որը հաստատում կամ հերքում է նրա մոտ սրտի բնածին արատը: Արատի ախտանշաններ կարող են լինել նորածնի մաշկի կապույտ գույնը, շնչառական խնդիրները (հաճախացող շնչառությունը կամ ճռնչյունով շնչելը), այտուցները եւ այլն:

Սակայն, ինչպես նշեց մասնագետը, պատահում են նաեւ դեպքեր, երբ արատը չի արտահայտվում ո՛չ հղիության, ո՛չ երեխայի ծմվելուց հետո: Որոշ արատների դեպքում ախտանշաններ կարող են չլինել կամ կարող են ոչ արտահայտված  ու աննկատելի լինել:

«Երբեմն սրտի բնածին արատի մասին իմանում են բանակում ծառայությունից առաջ հետազոտվելիս: Պատահում են նաեւ դեպքեր, երբ արատի մասին իմանում են 50 տարեկանում»,- նշեց մասնագետը:



© NEWS.am Medicine