Հայաստանում ԱՄՆ-ից գիտնականին քաղաքացիության տրամադրումը ձգձգում են

17:42   14 հունիսի, 2018

Լեռնիկ Օհանջանյանն աշխատում է Հարվարդում եւ ԱՄՆ Ուռուցքաբանության ազգային ինստիտուտում (National Cancer Institute) ու զբաղվում է երիկամների քաղցկեղի բուժման ժամանակ թարգեթային թերապիայի եւ իմունաթերապիայի օգտագործման ոլորտի հետազոտություններով: Որոշելով իր նոր գիտական աշխատությունը հրապարակել որպես Հայաստանի քաղաքացի՝ նա եկել է իր հայրենիք եւ հրաժարվել Իրանի քաղաքացիությունից:

Փետրվարի 22-ին Լեռնիկ Օհանջանյանը դիմել է Անձնագրային եւ վիզաների վարչություն՝ հույս ունենալով Հայաստանի քաղաքացիություն ստանալ, որտեղ նրան խոստացել են, որ փաստաթղթերը պատրաստ կլինեն 2 ամսվա ընթացքում: Սակայն այդ ժամանակից ի վեր անցել է արդեն 4 ամիս, մինչդեռ Լեռնիկ Օհանջանյանը դեռեւս Հայաստանի քաղաքացիություն չի ստացել, իսկ առանց անձնագրի նա չի կարող վերադառնալ ԱՄՆ աշխատանքի:

Տիկին Օհանջանյանին փաստաթղթերի տրամադրման ուշացման պատճառներն անհայտ են. նա նամակով դիմել է ե՛ւ Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանին, եւ գործող նախագահ Արմեն Սարգսյանին, սակայն գործը մեռյալ կետից առայժմ չի տեղաշարժվել:

Լեռնիկ Օհանջանյանն ունի «National Interest Waiver»՝ արտասահմանցիների համար հատուկ Green card, որն ԱՄՆ համար ազգային հետաքրքրություն է ներկայացնում: Նման փաստաթուղթ են տրամադրում բացառիկ ունակություններով օժտված կամ գիտական բարձր աստիճան ունեցող անձանց. ԱՄՆ-ում բնակվելու համար նրանք ամերիկացի գործատուի առաջարկի անհրաժեշտություն չունեն, քանի որ համարվում է, որ այս մարդկանց գործունեությունը կծառայի Միացյալ Նահանգների ազգային շահերին:

Անցյալում Լեռնիկ Օհանջանյանը զբաղվել է անվտանգության հարցերով, սակայն վերջին 2-3 տարիներին աշխատում է երիկամների քաղցկեղի բուժման ոլորտի գիտական աշխատանքների ուղղությամբ:

«Մենք փնտրում ենք երիկամների քաղցկեղի բուժման արդյունավետ միջոցներ, ինչպես նաեւ այս հիվանդության զարգացման գենետիկ պատճառները»,- նշեց Լեռնիկ Օհանջանանը:



© NEWS.am Medicine