Ակտիվացված ածուխն ամենեւին էլ այնքան օգտակար չէ, որքան թվում է. գիտնականներ

16:35   14 հունիսի, 2018

Ակտիվացված ածուխը համարվում է դետոքսիկացիայի հոյակապ միջոց, եւ այսօր այն տարածված է աշխարհի շատ երկրներում: Ածուխն ավելացնում են կերակուրին, ըմպելիքներին (կան ածուխով կոկտեյլներ, կրուասաններ): Այն օգտագործում են խոհարարության գուրուները եւ հայտնի դեմքերը:

Ածուխն օգտագործում են թունավորումների, փքվածության դեպքում, մաշկի վիճակի բարելավման եւ նույնիսկ ատամները սպիտակեցնելու համար: Եվ դիետոլոգներից շատերը պնդում են, որ ածուխն օրգանիզմից տոքսինները հանում է: Ակտիվացված ածուխն իսկապես աղեստամոքսային համակարգում կլանում է թունավոր միացությունները եւ դրանք բնական ճանապարհով դուրս բերում:

Սակայն մասնագետները զգուշացնում են, որ ածուխը կարող է սնունդից կլանել նաեւ վիտամինները, հանքանյութերը եւ հակաօքսիդանտները: Սա նշանակում է, որ այն մթերքներին զրկում է սննդարար արժեքից: Նույն բանն է տեղի ունենում մի քանի դեղերի, ներառյալ հակադեպրեսանտների եւ հակաբորբոքային միջոցների դեպքում:

Արժի նաեւ հիշել, որ ածուխը կգործի միայն մարմնում տոքսիկ նյութեր ստացվելուց անմիջապես հետո ընդունելու դեպքում: Սրան հավելած, որ ածուխը արգելակում է աղիների աշխատանքը՝ առաջացնելով սրտխառնոց եւ փորկապություն:

Ուստի մասնագետները խորհուրդ չեն տալիս ակտիվացված ածուխը պարբերաբար օգտագործել. նախ պետք է մտածել՝ արդյոք այն ձեզ պետք է:



© NEWS.am Medicine