Եթե երեխան մարտկոց է կուլ տվել, նրան անմիջապես մեղր տվեք

10:37   15 հունիսի, 2018

Եթե երեխան պատահաբար կուլ է տվել մանրաչափ մարտկոց («հաբ»), անհրաժեշտ է նրան անմիջապես մեղր տալ՝ առողջական խնդիրների հավանականությունը նվազեցնելու համար, որոնք կարող են բավականին ծանր լինել: Սա հաստատում է խոզերի վրա կատարված նոր հետազոտությունը:

«Միայն ԱՄՆ-ում երեխաները մանրաչափ մարտկոցներ են կուլ տալիս տարեկան 2500 անգամից ոչ հազվադեպ: Դրա հետեւանքով մահվան դեպքերը 12 անգամ ավելի հաճախակի են դարձել, եթե համեմատենք այս եւ նախորդ տասնամյակների տվյալները»,- Ֆիլադելֆիայի Մանկական հիվանդանոցի մամուլի հաղորդագրության մեջ հայտնել է հետազոտության առաջատար հեղինակ Յան Ջեյքոբսը:

Բժիշկը հավելել է, թե քանի որ մարտկոցը կուլ տալուց հետո առավել մեծ խնդիրներն առաջանում են 2 ժամվա ընթացքում, անչափ կարեւոր է այն հեռացնելու օպերատիվությունը:

Երբ «հաբը» ռեակցիայի մեջ է մտնում թքի եւ կերակրափողի հյուսվածքների հետ, լուծույթ է առաջանում, որը կարող է հյուսվածքները հալեցնել: Սա դառնում է կերակրափողի, շնչուղիների, ձայնալարերի եւ խոշոր արյունատար անոթների ծանր վնասվածքների պատճառ: Մարտկոցը որքան ուշ է հեռացվում, այնքան մեծ է լուրջ վնասվածքների վտանգը:

Գիտնականները հետազոտության մեջ օգտագործել են խոզերին: Անցկացվել է տարբեր հեղուկներով փորձ՝ ներառյալ մեղր, հյութեր, քաղցր եւ սպորտային ըմպելիքներ, որ պարզեն, թե դրանցից որն է ունակ օրգանիզմի հյուսվածքների եւ մարտկոցի միջեւ լավագույն պատնեշ ձեւավորել՝ մինչեւ այն կհանեն: Պարզվել է, որ առավել արդյունավետ են մեղրը եւ սուկրալֆատ կոչվող դեղը:

«Մենք ծնողներին եւ խնամակալներին խորհուրդ ենք տալիս ժամանակի որոշակի միջակայքով երեխային պարբերաբար մեղր տալ՝ մինչեւ նրան հիվանդանոց հասցնելը: Հիվանդանոցում բժիշկները մինչեւ մարտոցը հեռացնելը մեղրի փոխարեն կարող են օգտագործել սուկրալֆատ դեղը»,- ասել է Ջեյքոբսը:

Հետազոտողները ուշադրություն են դարձնում այն հանգամանքին, որ այս նյութերը չպետք է օգտագործել արյան վարակման, կերակրափողի ծակվելու, նշված նյութերից որեւէ մեկի նկատմամբ ալերգիայի դեպքում, ինչպես նաեւ 1 տարեկանից փոքր երեխաների համար:

Գիտնականները հիշեցնում են, որ այնքան գրավիչ մետաղական փայլ ունեցող մարտկոցները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի տեղերում:



© NEWS.am Medicine