Ծխելը մեծացնում է դեմենցիայի զարգացման վտանգը. հետազոտություն

11:54   15 հունիսի, 2018

Ծխելը վնասում է ուղեղի՝ հիշողության համար չափազանց կարեւոր գոտին: Ծխելու պատճառով հիպոկամպում կալցիում է կուտակվում, եւ այս բոլոր փոփոխությունները կարող են դեմենցիայի զարգացման բերել: Այսպիսի եզրահանգում են կատարել University Medical Centre-ի (Նիդերլանդներ) գիտնականները՝ բժիշկ Էսթեր դե Բրաուերի ղեկավարությամբ:

Երկու հազար մարդու մասնակցությամբ հետազոտության ընթացքում կամավորներին խնդրել են անցնել կոգնիտիվ ընդունակությունների թեստ եւ ուղեղի սքանավորում: Պարզվել է՝ ուղեղում կալցիումի նստվածքն ավելի հաճախ հանդիպել է ծխողների կամ դիաբետիկներ մոտ (կամավորների մեկ հինգերորդը): Սա բացատրում է ծխելու եւ դեմենցիայի փոխկապվածությունը:

Ուղեղի անոթների կալցիֆիկացումը եւ ծխախոտի ծխում տոքսինները բերում են կոգնիտիվ ընդունակությունների նվազման, հայտարարում են մասնագետները: Թունդ ծխողների մոտ դեմենցիայի վտանգը գրեթե 2 անգամ մեծ է: Իսկ ընդհանուր առմամբ, վնասակար սովորության առկայությունը դեմենցիայի զարգացման հավանականությունը 50 տոկոսով մեծացրել է:

Մեկ այլ հետազոտության համաձայն՝ ծխախոտի ծուխն ազդում է նաեւ մկանների առողջության վրա՝ ծխի ազդեցությամբ մկաններում նվազում է մանր արյունատար անոթների քանակությունը, որի հետեւանքով մկանները բավականաչափ թթվածին եւ սննդարար նյութեր չեն ստանում:

Հետազոտողների խոսքով՝ սա կարող է բացասաբար ազդել մետաբոլիզմի, ակտիվության վրա եւ քրոնիկական հիվանդություններ առաջացնել, օրինակ՝ դիաբետ կամ թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդություն: Մասնագետները դեռեւս չգիտեն, թե ծխախոտի ծխում պարունակվող քիմիական 4000 նյութերից որոնք են վնասում մկանները:



© NEWS.am Medicine