Ես ասացի Սիսիանի քաղաքապետին. նոր մեքենայի փոխարեն սոնոգրաֆ կգնես. Արսեն Թորոսյան

18:06   16 հունիսի, 2018

Առողջապահության նախարարությունը առողջապահության քաղաքականություն է վարում եւ ոչ թե բժշկական հաստատությունների համար սարքավորումներ է գնում: Այս մասին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ` պատասխանելով այն հարցին, թե արդյոք կան պետական ծրագրեր, որոնք ծննդատներին կարող են ապահովել գծային տվիչներով սոնոգրաֆ սարքով նորածինների կոնքազդրային հոդախախտի սկրինինգի համար:

«Նախարարությունը չի կարող վերցնել եւ տրամադրել, ասենք, Իջեւանի ԲԿ-ին գծային տվիչ: Սարքավորումների հարցով  պետք է զբաղվի կենտրոնն անձամբ  եւ տեղական իշխանությունները», - ասել է նա, հավելելով, որ հանդիպումներ է ունենում նոր մարզպետների եւ նրանց հետ քննարկում է տվյալ խնդիրը:

«Երեկ օրինակ Սիսիանի քաղաքապետին եմ ասել։ Որ կգա ժամանակը քո հերթական ծառայողական ավտոն առնելու, ծառայողական ավտո չառնես, չառնես, սոնոգրաֆ կգնես դրա փոխարեն, ու հաջորդ ընտրություններում քեզ կընտրեն՝ որպես լավ ղեկավար», – ասել է նա։

 



© NEWS.am Medicine