Ցածրահասակ տղամարդիկ ավելի երկար են ապրում

23:27   14 մայիսի, 2014

Kuakini Honolulu Heart (HHP) եւ Kuakini Honolulu-Asia (HAAS) ծրագրերում ընդգրկված ճապոնա-ամերիկացի տղամարդկանց շրջանում իրականացված հետազոտությունը հանգեցրել է այն եզրակացությանը, որ 5 ոտնաչափից (153սմ) պակաս հասակ ունեցող տղամարդիկ, որպես կանոն, ավելի երկար են ապրում գենետիկ որոշ պատճառների շնորհիվ, հայտնել է Newsmax Health-ը։

Գիտական աշխատանքի հետազոտողներից մեկը՝ Հարվարդի համալսարանի պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր Բրեդլի Ուիլկոքսը, ասել է, որ հետազոտողները եկել են այս եզրակացությանը՝ համեմատելով 1900-1919թթ ծնված ավելի քան 8000 ճապոնական արմատներ ունեցող ամերիկացի տղամարդկանց հասակը եւ երկարակեցությունը։

«Մենք բաժանեցինք մարդկանց երկու խմբի՝ 5 ոտնաչափից ավել ու պակաս հասակ ունեցողների»,-ասել է նա։ «Պարզվել է, որ 5 ոտնաչափից պակաս հասակ ունեցող տղամարդիկ ավելի երկար են ապրում»։

 PLoS ONE ամսագրում հրապարակված հետազոտության մեջ ասվում է, որ կարճահասակ տղամարդիկ հաճախ ունենում են երկարակեցության գենը՝ FOXO3-ը, եւ դրանով է պայմանավորված նրանց փոքրամարմին լինելն ու երկար ապրելը։ Կարճահասակ տղամարդկանց արյան մեջ ավելի քիչ ինսուլին կա, եւ նրանք ավելի հազվադեպ են հիվանդանում քաղցկեղով։

Հետազոտությանը մասնակցած 8000 տղամարդկանցից մոտ 1200 ապրել է մինչեւ 90-100 տարի, իսկ 250-ը մինչ այժմ ողջ են։



© NEWS.am Medicine