Գոնե չպետք է հասնի այնպիսի զավեշտի, որ նարեկաբուժությամբ ՄԻԱՎ/ՁԻԱՀ բուժեն. Արսեն Թորոսյան

20:00   16 հունիսի, 2018

Այս ամենը չպետք է գոնե հասնի այնպիսի զավեշտի, որ նարեկաբուժությամբ ՄԻԱՎ/ՁԻԱՀ բուժեն: Այս մասին «Լոֆթ»-ում քաղաքացիների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում այլընտրանքային, հարցադրողի խոսքով՝ բուժման «ոչ գիտական» մեթոդներին, ինչպիսիք են, օրինակ, հոմեոպատիան կամ ասեղնաբուժությունը:

«Կա գիտություն եւ մնացյալ ամեն ինչ, եւ եթե ինչ-որ բան գիտությամբ ապացուցված չէ, չպետք է տեղ ունենա մեր կյանքում, ոչ միայն առողջապահությունում: Բայց եթե տեղ ունի, եւ դա վտանգավոր է առողջության համար, մենք պետք է զբաղվենք դրանով»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ նախ հարկավոր է պարզել, մեզ մոտ նման մասնագիտություններ կա՞ն, եւ պե՞տք է լինեն, եւ հարկավոր է ուսումնասիրել դրանց բուժման մեթոդները:

«Ամեն դեպքում՝ այդ ամենը չպետք է հասնի այնպիսի զավեշտի, որպեսզի նարեկաբուժությամբ ՄԻԱՎ/ՁԻԱՀ բուժեն»,- ասաց նա:

Նշենք, որ նարեկաբուժությունը հայ միջնադարյան մեծ բանաստեղծ եւ աստվածաբան Գրիգոր Նարեկացու ստեղծագործությունն ընթերցելու օգնությամբ բուժումն է: Ժողովուրդը հավատում է, որ նրա «Մատյան ողբերգությունը» («Նարեկ») բուժում է, եւ ընթերցելուց բացի՝ մարդիկ նաեւ գիրքը հիվանդի բարձի տակ են դնում:

 



© NEWS.am Medicine