Փաթեթով կաթը կարող է առողջության համար վտանգավոր լինել

22:37   19 հունիսի, 2018

Պոլիէթիլենային փաթեթներում կամ պլաստմասե շշերում լցված կաթը կարող է առողջությանը վնաս հասցնել: Այսպիսի փաթեթավորումն արտադրում է թունավոր նյութ ֆտալատներ, որոնք կաթի մեջ են ընկնում, իսկ դրա հետ՝ նաեւ մարդու օրգանիզմ: Սա «անթույլատրելի վտանգ» է լյարդի եւ էնդոկրինային (հորմոնալ) համակարգի համար, հայտնում է Life.ru-ն՝ վկայակոչելով Առողջության վտանգների կառավարման բժշկա-կանխարգելման դաշնային գիտական կենտրոնի գիտնականների կատարած հետազոտությունը:

Գիտնականները կաթի 25 նմուշ են վերցրել պոլիէթիլենե փաթեթներից ու շշերից: Ֆտալատների պարունակությունը հաստատվել է փաթեթներից վերցված կաթի նմուշների 58 տոկոսում եւ շշերից վերցված նմուշների 40 տոկոսում: Թետրապակերի կաթը չի հետաազոտվել: Այնուհետեւ հաշվարկվել է ֆտալատների օրական չափաքանակը, որը ստանում է  երեխայի ու մեծահասակի օրգանիզմը, եթե կաթը խմում են փաթեթից եւ պլասմասե շշերից (չափաքանակը կախված է քաշից): Օրինակ՝ մինչեւ 6 տարեկան երեխայի համար օրական չափաքանակը կազմում է մարմնի 1 կգ զանգվածին 5,61*0,01 մգ:

Այնուհետեւ հաշվարկվել է «ֆտալատների ցմահ օրական չափաքանակը» մարդու համար, որը կանոնավորապես կաթը խմում է փաթեթներից կամ պլաստմասե շշերից: Ըստ ֆտալատների տեսակներից մեկի՝ առողջության համար վտանգավորության համաթվի նիշը կազմել է 1,24 լյարդի եւ 1,84 էնդոկրինային համակարգի համար: Սա շատ բարձր ցուցանիշ է: «Հաստատվել է, որ պոլիմերային տարայի մեջ փաթեթավորված կաթ օգտագործելու դեպքում ստեղծվում է լյարդի եւ հորմոնալ համակարգի կողմից անբարենպաստ էֆեկտների զարգացման անթույլատրելի ցմահ վտանգ»,- նշված է հետազոտության մեջ: Փորձագետների խոսքով՝ առավել մեծ քանակությամբ ֆտալատներ կարող են լինել յուղոտ կաթում:



© NEWS.am Medicine